21 տարի անց. օգտագործենք մեր հնարավորությունը

21 տարի առաջ այս օրերին Քարվաճառի շրջանում /նախկին’ Քելբաջար/ իրարանցում էր ու խառնաշփոթ: Հայ զինվորը հասել էր իր նախնիների հող ու հասել էր զինված, հասել էր տիրաբար, հասել էր’ գեթ մի որոշ չափով ուղղելու պատմական անարդարությունը, դադարեցնելու հայի’ հող կորցնելու ցավալի «ավանդույթը»…

21 տարի առաջ այս օրերին Քարվաճառը մաքրվում էր քրդերից, ադրբեջանցիներից ու Քարվաճառ էր մտնում հայ մարդը, հայը, ով կորցրել էր Քարվաճառը 200 տարի առաջ’ թողնելով այն քոչվոր ցեղերին: Հայը վերագտնում էր իր Դադիվանքը, իր հարյուրավոր ջարդված խաչքարներն ու լքված ու կիսավեր եկեղեցիները:

Քարվաճառն ազատագրվեց, ու մենք կարծես թե չհավատացինք, որ հայրենիքի այս պատառիկն ունենալու իրավունք ունենք, ու վախենալով, թե մի օր այն հետ ենք տալու, ավերեցինք:
Ավերեցինք ու… պահեցինք արյամբ մաքրագործված մեր դրախտավայրը:

Քարվաճառն սկսեց բնակեցվել 1998-ից. եկան մարդիկ, տարբեր մարդիկ: Մարդիկ, ովքեր նոր կյանք էին սկսում, մարդիկ, ովքեր նոր հայրենիք էին փնտրում’ իրենցը թողած լինելով Մռավի մյուս կողմում, մարդիկ, ում համար Քարվաճառի զարգացումը գաղափարական հարց էր, մարդիկ, ովքեր այստեղ տուն կստանային… Եկան ու սկսեցին կերտել այսօրվա Քարվաճառի դիմանկարը: 

Քարվաճառում ծնված երեխան այսօր հպարտություն չի զգում, Քարվաճառում ապրող պատանին այսօր չի գիտակցում իր’ հաղթանակած հողի տեր լինելը: Այսօրվա իրական Քարվաճառում հարցերն ու խնդիրները շատ են ու ներհյուսված, այսօրվա իրական Քարվաճառը հեռու է հերոսական, ազատ ու երկնասլաց լինելուց:

Իսկ Քարվաճառը կարող է մեր վերածնունդը դառնալ, ազատագրված հայրենիքի բուռն ու լուսավոր զարգացումը կարող է ազգային վերածնունդ դառնալ ու նոր նպատակների իրականացման սկիզբ:

Ազատագրված հայրենիքը մեր հնարավորությունն է, ազգային հնարավորությունը’ ընկճված, ճնշված ու թալանվածից դառնալ սեփական ձեռքով սեփական հայրենիքն ազատած ու այդ հայրենիքը ծաղկեցնող, կծկված ու թշվառից բարեկեցիկ ու ազատ դառնալ:

Հպարտություն զգալ’ ազատագրած հողում ապրելով…

Թամարա Գրիգորյան 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում