ԱՊՀ-ի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը
Նմանատիպ
Հումանիտար և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին հակազդելու բնագավառում համագործակցության հարցերն են Մոսկվայում քննարկելու ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի՝ ապրիլի 4-ին բացվող նիստի մասնակիցները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես սպասվում է, հանդիպմանը կքննարկվի նաև Ուկրաինայի իրադրությունը: Մարտին Կիևը հայտարարել է Համագործակցությունում նախագահությունից հրաժարվելու մասին: Դեռ ավելին, Ուկրաինան հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության մասին, և մարտի 24-ին Գերագույն ռադայում գրանցվել է համապատասխան օրինագիծը: Ուկրաինական կողմն այսօրվա նիստում ներկայացված կլինի դեսպանության մակարդակով:
Նիստի մասնակիցները «կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի շուրջ», նշել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հատուկ ուշադրություն կդարձնեն հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման խնդիրներին: «Հավանություն կտրվի 2016 թվականը Համագործակցությունում կրթության տարի հայտարարելու եւ Ռուսաստանի Դ. Ս. Լիխաչովի անվան մշակութային ու բնական ժառանգության գիտահետազոտական ինստիտուտին համաշխարհային ժառանգության պահպանության ոլորտում ԱՊՀ-ի մասնակից պետությունների բազային կազմակերպության կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումների նախագծերին»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նախարարները կընդունեն 2014 թվականին ԱՊՀ-ի շրջանակներում բազմամակարդակ միջգերատեսչական կոնսուլտացիաների պլանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում