Էրդողանը չի հարգում Սահմանադրական դատարանի որոշումը
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ով մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տարած հաղթանակից հետո ավելի բռնատիրական վարքագիծ է որդեգրել, քննադատել է երկրի Սահմանադրական դատարանի’ Twitter-ը ապաարգելափակելու մասին որոշումը:
Էրդողանը լրագրողներին ասել է, որ եթե Թուրքիայի իշխանություններն ընդունում են ՍԴ այդ որոշումը, ապա դա չի նշանակում, որ նրանք հարգում են այդ որոշումը:
«Այդ որոշմանը համապատասխան’ մենք Twitter-ի դեմ արգելքը վերացրեցինք: Բայց ես չեմ հարգում այդ որոշումը: Դա իրավունք չէ, իրավունքն այլ բան է», -ասել է Էրդողանը:
Ուշագրավ է, որ այս հարցում եւս Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Էրդողանի կարծիքները հակասում են իրար: Աջակցություն հայտնելով Twitter սոցկայքը ապաարգելափակելու մասին ՍԴ որոշմանը’ Գյուլը թուրքական «Ռադիկալ» թերթի խմբագիր Էյուփ Ջանի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը «հպարտության զգացումով է լցված ՍԴ այդ որոշման առիթով»:
Աբդուլլահ Գյուլը Twitter-ը արգելափակելու մասին Էրդողանի կառավարության որոշման առնչությամբ ավելի վաղ հայտարարել էր, որ դա հակասում է խոսքի եւ արտահայտվելու ազատությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում