«Դեմ եմ»-ը դրական է համարում ՍԴ որոշումը, բայց ուշադրություն է հրավիրում 6-րդ կետի վրա

Սահմանադրական դատարանի որոշումը հաստատեց, որ «Դեմ եմ» նախաձեռնության բարձրացրած հարցերը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ կետերի հակասահմանադրական լինելու շուրջ, իրավացի էին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը, նշելով՝ որ նախաձեռնությունը դրական է համարում ՍԴ որոշումը, սակայն ցանկանում է ուշադրություն հրավիրել 6-րդ կետի վրա։ «ՍԴ պաշտոնական կայքում որոշման 6-րդ կետին վերաբերող հատվածը մգեցված տառատեսակով է։ Այդ կետով սահմանվում է, որ անձի հայեցողությունից անկախ չի կարող լինել նրա սեփականության իրավունքի սահմանափակման որևէ իրավիճակ։ Եթե անձը կամք չի արտահայտել, որ իր սեփականությունը սահմանափակվի, ապա ոչ ոք նրա սեփականության իրավունքը սահմանափակելու իրավասություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը։

Նա ուշադրություն հրավիրեց նաև ՍԴ որոշման 7-րդ կետին, որով սեպտեմբերի 30-ը սահմանվել էր վերջնաժամկետ՝ օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթներում փոփոխություններ կատարելու համար։ «Մի բան է սեպտեմբերի 30-ն ընկալել մինչև այդ ժամկետը ևս գումարներ կորզելու ժամկետ, մեկ այլ բան է ընկալել, որ պետք է գործադիրն ու օրենսդիրը փոփոխեն օրենքը, որը պետք է ամբողջությամբ վերանայվի։ Դա պետք է լինի այն առավելագույն ժամկետը, որի սահմաններում օրենքում պետք է շտկումներ արվեն»,-ասաց Մանուկյանը։

Նախաձեռնության անդամ Դավիթ Դավթյանն էլ կոչ արեց բոլոր մարդկանց, որ եթե անգամ իրենց կամքով են ընտրել կուտակայինը կամ իրենց ստիպել են, անպայման դիմում գրեն։ «Դիմումի օրինակները տեղադրված են նախաձեռության պաշտոնական կայքում և յուրաքանչյուրը կարող է լրացնել դրանք՝ ուղղելով երեք մարմինների՝ Կենտրոնական բանկին, Ֆինանսների նախարարությանը և Կենտրոնական դեպոզիտարիային։ Սահմանադրական դատարանը թեև իրավական առումով հաստատեց մեր պնդումները, սակայն սոցիալական առումով ոչինչ չփոխվեց։ Մեր բողոքը պետք է լինի դրա դեմ, քանի որ միայն պայքարի մի ջոցով մենք կարող ենք հասնել այդ հարցի լուծման»,- ասաց Դավթյանը։

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն’ Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում