Ֆրանսիայի նոր վարչապետն իր ժողովրդականությամբ կրկնակի գերազանցում է նախագահ Օլանդին
Նմանատիպ
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Մանուել Վալսը ժողովրդականության վարկանիշով գերազանցում է նախագահ Ֆրանսուա Օլանդին: LH2 ինստիտուտի կողմից հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն՝ ֆրանսիացիների 56 տոկոսը լավ կարծիք ունեն ուղիղ մեկ շաբաթ առաջ նշանակված կառավարության ղեկավարի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հաշվի առնելով այդ ցուցանիշը՝ կարելի է վստահությամբ պնդել, որ նախարարների կաբինետում կատարված վերադասավորումները, որոնք Օլանդի կողմից նախաձեռնվել էին մունիցիպալ ընտրություններում սոցիալիստների կրած պարտությունից հետո, ցանկալի արդյունք են տվել՝ նկատի առնելով այն, որ վարչապետի պաշտոնում Վալսին նախորդած Ժան Մարկ Էյրոյի գործունեությանը հավանություն էր տալիս ֆրանսիացիների միայն 23 տոկոսը:
Ինչպես նշում են վերլուծաբանները, ապագայում գործող վարչապետի վարկանիշը կարող է զգալիորեն նվազել: Սակայն առայժմ, LH2-ի նույն այդ հարցման համաձայն, Վալսը ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան նախագահ Օլանդը, որի նկատմամբ վստահություն է տածում ֆրանսիացիների միայն 27 տոկոսը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում