Հալեպի տարբեր թաղամասեր ռմբակոծության են ենթարկվել. հայկական վարժարանները մեկօրյա արձակուրդ են
Նմանատիպ
Հալեպի տարբեր թաղամասերում ապրիլի 7-ին մեծ թվով ռումբեր են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ը: Աղբյուրի փոխանցմամբ բավականին մարդկային վնասներ են գրանցվել, բարեբախտաբար, զոհերի մեջ հայեր չեն եղել: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ ռումբեր են ընկել Հալեպի կենտրոնական փոստատան մոտ, մեկ այլ ռումբ ընկել է «Համդանիե» ընկերության ավտոբուսներից մեկի վրա, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել:
Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից տեղեկացանք, որ քաղաքի տարբեր շրջաններում զինյալ խմբավորումների կողմից արձակվել են ավելի քան 50 հրասանդեր, որոնք հերթական անգամ նյութական մեծ վնասների պատճառ են դարձել: Այս իրավիճակում Հալեպի Ազգային վարժարանները ապրիլ 8-ին անվտանգության նկատառումներով արձակուրդ են հայտարարել:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ սիրիական բանակը Ռաշիդին թաղամասում հարձակվել է զինյալների հավաքատեղիների վրա: Տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բախումները զինյալների հետ շարունակվել են նաև Լիրմուն, Հանդարաթ, Խան Տուման, Ջանդուլ, Աֆրին և այլ թաղամասերում: «Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ’ սիրիական բանակի 40 զինվորներ են զոհվել Հալեպում տեղի ունեցած մարտերի ժամանակ:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 130 հազար մարդ, ընդ որում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում