Սիրիայում քիմիական հարձակման հետեւում Թուրքիան է կանգնած. Սեյմուր Հերշ
Նմանատիպ
Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը հայտարարել է, որ Սիրիայում իրագործված քիմիական հարձակման հետեւում Թուրքիան է կանգնած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սիրիայում քիմիական հարձակման մեջ Թուրքիայի «մատը խառը լինելու» մասին պնդումը Հերշը կրկնել է LRB-ում (London Review of Books) հրապարակած «Կարմիր գի ծ եւ գաղտնի գիծ» վերնագրով հոդվածում:
Հոդվածում Հերշը հայտարարել է, որ մեկ անգամ եւս պնդում է, որ անցյալ տարի օգոստոսի 21-ին Սիրիայում իրագործված քիմիական հարձակման հետեւում կանգնած է թուրքական կառավարությունը: ԱՄՆ հետախուզության իրավասուների հայտարարությունների եւ հետախուզական տվյալների հիման վրա գրած հոդվածում ամերիկացի լրագրողը նշում է, որ Սիրիայում քիմիական հարձակումն իրագործվել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) եւ ժանդարմերիայի գիտությամբ’ Ալ Քաիդային կից «Ալ Նուսրա ճակատ» խմբավորման կողմից: Նրա խոսքով, Թուրքիայի նպատակը քիմիական զենքի կիրառումը «կարմիր գիծ» սահմանած ԱՄՆ-ին Սիրիայում ռազմական գործողության դրդելն է:
Հոդվածում Հերշը հայտնել է, որ Լիբիայում գտնվող զենքերն ու սպառազինությունը Սիրիայի ջիհադական խմբավորումներին է փոխանցվել Թուրքիայի վրայով:
Սեյմուր Հերշը Բի- Բի- Սի-ին տված հարցազրույցում ասել է. «Կասկածներ չկան, որ քիմիական զենքերն օգտագործելու ձեւերը «Ալ Նուսրա ճակատ»-ի մարտիկներին Թուրքիայի տարածքում ուսուցանել են MIT-ն ու թուրքական ժանդարմերիան, ինչը խոսում է այն մասին, որ Սիրիայում այդ զենքը կիրառել են հենց այդ իսլամիստները, այնինչ, միջազգային ուժերը, չգիտես ինչու, կասկածում են միայն Բաշար Ասադին»:
Նա համոզմունք է հայտնել, որ Սիրիայի պատերազմում հաղթանակելու է Բաշար Ասադը, եւ որ Թուրքիայի հետ տարածաշրջանը եւս մղվում է մեծ խառնաշփոթի մեջ: Ամերիկացի լրագրողը նշել է նաեւ, որ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածությունը ծագել է այն պատճառով, որ ԱՄՆ-ը չի ցանկացել ռազմական միջամտություն ունենալ Սիրիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում