Մարգվելաշվիլին հարգել է ապրիլի 9-ի զոհվածների հիշատակը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսթավելիի պողոտայում ծաղկեպսակ Է դրել Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ՝ հարգելով այն հերոսների հիշատակը, որոնք զոհվել են 1989 թվականի ապրլիլի 9-ի իրադարձությունների ժամանակ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Այսօր մենք միաժամանակ տոնում և սգում ենք այն անձնազոհության կապակցությամբ, որը մեր քաղաքացիներն այստեղ դրսևորեցին հանուն շատ բարձր իդեալի՝ հանուն երկրի անկախության և ազատության: Ազատությունն այն բարձրագույն արժեքներից մեկն Է, հանուն որի արժե տալ կյանքը: Այսօր մենք տոնում ենք 1989 թվականի ապրիլի 9-ին ողջ ազգի ամբողջականությունը և սգում ենք այն ճակատագրի համար, որը վիճակվեց մեր համաքաղաքացիներին»,- հայտարարել Է Գեորգի Մարգվելաշվիլին:

Ապրիլի 9-ին Վրաստանը նշում է Անկախության վերականգնման և 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման զոհերի հիշատակի օրը:

Ապրիլի 9-ը Վրաստանում ոչ աշխատանքային օր է՝ ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը: Արդեն հաստատված ավանդույթի համաձայն՝ այդ օրը թբիլիսցիներն, ի հիշատակ զոհվածների, ծաղիկներով են ծածկում նախկին խորհրդարանի շենք տանող աստիճանները: Թբիլիսիի բնակիչները հավաքվում են այդ վայրում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը: Հանրահավաքը ցրելու հետևանքով զոհվել է քսան մարդ՝ առավելապես կանայք:

1989 թվականի ապրիլի 9-ը կամ, ինչպես այն հետո սկսեցին անվանել՝ «Արյունոտ կիրակին», 25 տարի առաջ բեկումնային դարձավ Վրաստանի համար: Ուղիղ երկու տարի հետո՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան՝ Վրաստանի ապագա նախագահը, հայտարարեց հանրապետության անկախության վերականգնման մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում