Քեսաբի հյուսիսային և Նաբիին շրջաններում թեժ մարտեր են ընթանում
Նմանատիպ
Լաթաքիայի Նաբիին և Քեսաբի հյուսիսային շրջաններում ապրիլի 10-ի առավոտյան թեժ մարտեր էին ընթանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեսբուքյան էջը, սիրիական բանակը շարունակում է ռազմական գործողությունները՝ օդային հարձակումներ իրականացնելով զինյալների հավաքատեղիների վրա: Բախումների արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել: Մյուս կողմից’ թուրքական կողմը չի դադարում օժանդակել զինված խմբավորումներին, որոնք թուրքական տարածքներից մտնում են սիրիական հողեր:
Ինչ վերաբերում է Լաթաքիային, ապա այնտեղ միջադեպեր չեն գրանցվել, կյանքն ընթանում է բնականոն հունով:
«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ զինված ընդդիմադիրները Լաթաքիայի հյուսիսում մի քանի կարևոր կետեր են գրավել: Աղբյուրի տեղեկացմամբ ,կառավարական ուժերը կենտրոնացել են Բասիտ գյուղում և ռմբակոծում են Քեսաբ գյուղաքաղաքի ուղղությամբ: Սիրիայի ազատ բանակը կանխել է կառավարական ուժերի Չալմայի լեռ ներթափանցելու փորձերը:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղոցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում