Սիրիայում ՀՀ դեսպանությունը քեսաբահայերին է փոխանցել համահայկական դրամահավաքի առաջին օգնությունը
Նմանատիպ
Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով ապրիլի 13-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 (վաթսուներեք հազար վաթսուն) ԱՄՆ դոլարը փոխանցվել է Լաթակիայի շտապօգնության մարմնին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից, ծանր կացության մեջ հայտնված քեսաբահայությունն իր խոր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Նախագահին, համահայկական հիմնադրամին, հայրենիքի ժողովրդին և համայն հայությանը’ օրհասական այս պահին զորակցության, բարոյական և նյութական աջակցության համար:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքիվրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին’ Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավելապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածինեկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ: Հայաստանի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ’ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, ՆաիրաԿարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա’տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբքաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին են ներկայացրել ստեղծված իրավիճակը: Նրանք եղել են Լաթաքիայում, հանդիպել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է հղել հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը եւ բացել է հաշվեհամար: Հանգանակության ակցիաներ են իրականացրել նաեւ հասարակական, բարեգործական հայրենակցական կազմակերպություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում