Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարը հրաժարական է տվել
Նմանատիպ
Վրաստանի տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիթ Նարմանիան հայտարարել Է իր զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին: Նա մտադիր Է կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայից Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել քաղաքապետի՝ հունիսի 15-ին կայանալիք ընտրություններում:
Նարմանիան պաշտոնաթողության վերաբերյալ որոշումը հրապարակել Է Վրաստանի նախարարների կաբինետի նիստում: «Ցանկանում եմ կառավարության բոլոր անդամներին շնորհակալություն հայտնել բեղմնավոր աշխատանքի և աջակցության համար, որը ես զգացել եմ 1,5 տարի նախարար աշխատելու ընթացքում»,-նշել Է նա:
Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նախարարի պաշտոնում Նարմանիայի աշխատանքը որակել Է արդյունավետ և վստահություն Է հայտնել, որ Թբիլիսիի քաղաքապետ ընտրվելու դեպքում «նա հաջողությամբ կլուծի Վրաստանի մայրաքաղաքի առջեւ ծառացած խնդիրները»:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր Է հրապարակել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակման մասին: «Ինտերպրեսնյուս» գործակալության հաղորդման համաձայն՝ տեղական ընտրությունների անցկացման ավելի վաղ նշված ամսաթիվը՝ հունիսի 15-ը, չի փոխվել:
Այս տարի Վրաստանի տարբեր տարածաշրջանների 12 խոշոր քաղաքների քաղաքագլուխների, վարչակազմերի և ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրությունները տեղի են ունենալու ուղղակի քվեարկության ճանապարհով: Մինչ այդ ուղղակի քվեարկությամբ ընտրվում Էր միայն Թբիլիսիի քաղաքապետը:
Տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունները կայացել են 2010 թվականի մայիսի 21-ին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում