Օլանդը 2015-ին Երևանում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումներին

Օլանդը  2015-ին Երևանում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումներին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատրաստվում է 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Nouvelles d’Armenie-ի հաղորդմամբ՝ այդ մասին Օլանդը նշել է Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառման ժամանակ: Ֆրանսիայի նախագահը, ով պատրաստվում է այս տարվա մայիսի 12-ին ժամանել Երևան, պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը հասնելու համար: «Այս ողբերգությունն ունի անուն, միայն մեկ անուն. սա Ցեղասպանություն է: Այլ անուն չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փարիզում Երևանի այգում հայտարարել է Օլանդը, ինչն ուղեկցվել է ծափահարություններով: Օլանդն ընդգծել է, որ պետք է ներկա գտնվի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին և նպաստի ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Մաղթում եմ, որ բոլորի միտքը զարգանա»,- ասել է Օլանդը՝ անհրաժեշտ համարելով, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Միաժամանակ Օլանդն առաջընթաց է համարել Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, սակայն դա անբավարար է գնահատել:

Ժողովրդական շարժման միությունը ներկայացնող Օ դը Սենից ընտրված պատգամավոր Պատրիկ Դևեջյանը նշել է, որ մայիսին Երևանում Օլանդը հանդես կգա հստակ ուղերձով: «Այն մոտ կլինի Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի ուղերձներին, ովքեր կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Դևեջյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում