Էրդողանի հայտարարության նպատակն էր կանխել 2015-ին Հայոց ցեղասպանության հարցի լայն հնչեղություն ստանալը. թուրք վերլուծաբան

Էրդողանի հայտարարության նպատակն էր կանխել 2015-ին Հայոց ցեղասպանության հարցի լայն հնչեղություն ստանալը. թուրք վերլուծաբան

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց կյանքը կորցրած հայերի թոռներին թուրքական կառավարության ցավակցությունը նպատակ ունի կանխարգելել, որպեսզի 2015-ին’ 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյա տարելիցին, Հայոց ցեղասպանության համար մեղադրանքներն ավելի ընդարձակ լսարաններ չընդգրկեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը, նման կարծիք է հայտնել թուրք վերլուծաբան Բուլենթ Քենեսը: Ըստ նրա, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը հաջորդ տարի Թուրքիայի կողմից իրականցվելիք քաղաքականության փորձ էր: «Վարչապետի հայտարարությունը կարող է օգնել մեղմել այս վերահաս իրադարձության հարուցած շոկի նախնական ալիքները, բայց հազիվ թե այն հարցին ամբողջական լուծում տա», – նշել է Քենեսը:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ: Թուրքիայի կառավարության ինտերնետային կայքում ինը լեզվով տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ թուրքաբնակ եւ աշխարհասփյուռ հայերի համար հատուկ իմաստ կրող ապրիլի 24-ն առիթ է «այդ խնդրի հետ կապված մտքերն ազատորեն կիսելու» համար: Դրա հետ միասին Էրդողանը շեշտում է, թե նախորդ դարասկզբին’ Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էր կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիներիհամար’ լինեն թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով, հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցավերը պետք չէ այն դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ, ինչպես, ըստ նրա, ժողովուրդն է ասում’ «կրակն ընկած տեղն է վառում»:

Արձագանքելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը’ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այն որակել է «Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում