Ադրբեջանցիները զանգվածաբար ռուսական անձնագիր են ստանում

Ադրբեջանցիները զանգվածաբար ռուսական անձնագիր են ստանում

Ադրբեջանի հյուսիսային Գուբա եւ Խաչմազ շրջանների բնակչությունը զանգվածաբար Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու համար սկսել են փաստաթղթեր ներկայացնել Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը axar.az-ին հաստատել է փաստը:

«Դա Ճիշտ է: Ադրբեջանի քաղաքացիները ցանկանում են Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել: Մեզ արդեն մեծ թվով դիմումներ են ներկայացվել: Ներկա դրությամբ հստակ վիճակագրություն չենք կարող տալ, քանի որ թվերը փոխվում են ամեն պահի», -կայքին հայտնել են դեսպանատնից:

Քաղաքացիություն ստանալու գործառույթը Ռուսաստանի կողմից հեշտացվելուց հետո Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել էր, թե «Ադրբեջանի ոչ մի քաղաքացի ռուսական անձնագրի վրա աչք չի տնկելու»: Իսկ այսօր, երբ Ադրբեջանի քաղաքացիները զանգվածաբար ցանկանում են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, ադրբեջանցիների «հայրենասիրության» մեջ համոզված Գուլուզադեն նույն կայքին հայտարարել է. «Ռուսաստանի գոյությունը սպառնալիք է Ադրբեջանի համար»: Գուլուզադեն սեփական իշխանությունն երից պահանջել է «բոլոր կառույցներով գիշեր-ցերեկ պայքար տանել այդ սպառնալիքի դեմ»:

Նշենք, որ Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակչության մեծամասնությունը լեզգիներ, ավարներ եւ թաթեր են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում