Հայաստանը մեր տունն է, Արցախը՝ դարպասը

Հայաստանը մեր տունն է, Արցախը՝ դարպասը

Ապրիլի 25-ից 27-ը համալսարանականներն Արցախում էին:

2006 թվականից սկսած’ ամեն տարի Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները՝ ի դեմս ՈՒԽ-ի, ՈՒԳԸ-ի, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աջակցությամբ այցելում են Արցախ:

Արցախ կատարած այցելության առաջին օրը համալսարանականները եղան Եղեգնուտ գյուղի’ զոհված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող միջնակարգ դպրոցում: Այցը հենց այդ դպրոց պատահական չէր, քանի որ հունվարին լրացել էր համալսարանական ազատամարտիկի ծննդյան 50-ամյակը: Դպրոցում ԵՊՀ-ականներին ընդունեցին մեծ ոգևորությամբ ու ցնծությամբ, իսկ շնորհալի աշակերտներն ու Մայր բուհի ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի և «Վարդանանք» ակումբի անդամներն էլ իրենց յուրօրինակ հայրենասիրական կատարումներով ոգևորեցին ներկաներին:

«Ձեր հայրերն ու հորեղբայրները ամեն ջանք ներդրեցին հայոց Արցախ աշխարհը ադրբեջանական գերությունից ազատագրելու համար: Այսօր բոլորս միասին տեսնում ենք, թե ինչպես է վերազինվում Արցախը, ինչպես են բուժվում պատերազմի վերքերը, ու այս ամեն ինչի մեջ մեծ է ձեր դերն ու նշանակությունը: ԵՊՀ-ն մշտապես կանգնած է Արցախի կողքին: Դրա ապացույցն այն է, որ այսօր այստեղ ենք ու ցանկանում ենք որևէ կերպ երախտահատույց լինել Արցախյան հերոս Պետրոս Ղևոնդյանին և մաղթում ենք, որ բոլորս փառք ու պատվով հարգենք նրա լուսավոր հիշատակը»,- ասաց ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը:

Ուսանողների հաջորդ կանգառը Մարտակերտի (Նոր Ղազանչի)’ Պետրոս Ղևոնդյանի անվան զորամասն էր, որտեղ տարիներ առաջ’ Քարվաճառի ազատագրման ժամանակ, զոհվել էր Արցախյան հերոս Պետրոս Ղևոնդյանը։ Անգամ օրվա անձրևոտ եղանակը չխանգարեց, որպեսզի ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը հանդես գար համերգային ծրագրով:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը նշեց, որ Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանին նվիրված այս միջոցառումն ուներ կարևոր նշանակություն, քանզի ապագա սերնդի դաստիարակման համար նա հանդիսանում է յուրօրինակ ազգային կերպար, մարդ, ով կիսատ թողելով ուսումը և գրիչը փոխարինելով զենքով’ մեկնեց պաշտպանելու իր հայրենիքը և կյանքն անգամ չխնայեց հայրենիքի ազատագրման համար:

Արցախ այցելության երկրորդ օրը համալսարանականներն այցելեցին Արցախի պետական համալսարան: Նրանք մասնակցեցին ԵՊՀ և ԱրՊՀ համալսարանների կողմից համատեղ կազմակերպված գիտաժողովին’ նվիրված Արցախյան գոյամարտում հրադադարի հաստատման 20-ամյակին: ԵՊՀ 15 ուսանողներ հանդես եկան զեկուցումներով, իսկ օրվա ավարտին հասցրեցին լինել նաև Տիգրանակերտում:

Երրորդ օրը Մայր բուհի ներկայացուցիչներն այցելեցին Բերձորի համալսարանական պուրակ’ մասնակցելու ծառատունկին’ նվիրված ԵՊՀ հիմնադրման 95 և ՈՒԽ հիմնադրման 20-ամյակներին: Ծառատունկին մասնակցում էին նաև Բերձորի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտները: Հավելենք նաև, որ արդեն բարի ավանդույթ դարձած ծառատունկին աջակցում էր նաև «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը’ ի դեմս ԵՊՀ արևելագիտության դեկան Գուրգեն Մելիքյանի:

Արցախ կատարած այցը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում