Թուրքիայի պատմագիտական ընկերության հակահայկական գիտաժողովին ընդամենը 7 ունկնդիր է մասնակցել

Թուրքիայի պատմագիտական ընկերության հակահայկական գիտաժողովին ընդամենը 7 ունկնդիր է մասնակցել

Թուրքիայի պատմագիտական ընկերությունը (ԹՊԸ), որը հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտման հարցում որպես թուրքական պաշտոնական տեսակետի հեղինակ, ապրիլի 24-ին Վանի «Յուզինջի իլ» համալսարանում «Հայերն առաջին համաշխարհային պատերազմում» վերնագրով գիտաժողով է կազմակերպել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ակոս» թերթը, 32 գիտնականների մասնակցությամբ գիտաժողով ին, որը բաց է եղել հանրության եւ ուսանողության համար, ընդամենը 7 ունկնդիր է մասնակցել:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը դեռես 2013 թ. նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական կողմի պնդումների դեմ «գիտական ապացույցներ» մշակելու նպատակով ԹՊԸ-ին կից «հայկական հարցի հետ կապված աշխատանքներ կատարող կենտրոն» է ստեղծվել, ինչի համար պետությունը մոտ 8,5 մլն լիրա է հատկացրել:

Եւ ահա, պետպատվերը «պատվով» կատարած ԹՊԸ ղեկավար Մեհմեթ Մեթին Հյուլաղուն իր ելույթում հրապարակ է բերել Հայոց ցեղասպանության ժխտումն «արդարացնող» եւս մեկ զավեշտալի «պաշտոնական տեսակետ», ըստ որի «ապրիլի 24-ը հայերի կողմից անհիմն մտահայեցողության խորհրդանիշ է, իսկ թուրքերի համար այն Չանաքքալեի (Դարդանելի նեղուց) պատերազմն է հիշեցնում»: Ըստ թուրք «պատմաբանի», այն դեպքում, երբ թուրքերը Դարդանելում «մահու եւ կենաց» (այսինքն’ ուրիշի հողերը զավթելու) պատերազմ էին մղում, հայերը «մեջքից հարվածներ էին հասցնում», ինչի համար էլ թուրքական պետությունը ստիպված էր նրանց հեռացնել «ապահով վայրեր»’ Դեր Զորի «բերքաբեր հողեր»: Նրա խոսքով, 1915-ի իրադարձություններում 20 հազարից «ոչ ավելի» հայ է մահացել, այն էլ’ համաճարակներից: «Իսկ հայերն այդ ժամանակ 300 հազարից ավելի թուրք են սպանել: Այնպես որ, հայերն են թուրքերին կոտորել, ոչ թե հակառակը», -հայտարարել է իրեն պատմաբան համարող այդ «գիտնականը»:

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձին զուգահեռ’ ապրիլի 24-ին հայերի համար պատմական նշանակություն ունեցող Վանում ԹՊԸ կողմից 99-ամյա ժխտման պնդումները նորացնող գիտաժողով կազմակերպելը ստվերում է վարչապետի ցավակցությունը: Ստացվում է, որ թուրքական պաշտոնական տեսակետ ձեւավորող կառույցը հայկական հարցում շարժվում է հետ, իսկ ինչպես իշխանություններն են հայտարարում, իրենք շարժվում են առաջ: Այդ դեպքում, ինչպես կարելի է Էրդողանի ուղերձը համարել առաջխաղացում հայկական հարցում», -հարցադրում է «Ակոս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում