ԵԽ գլխավոր քարտուղարը Բաքու է մեկնում քաղբանտարկյալների փաթեթով

ԵԽ գլխավոր քարտուղարը Բաքու է մեկնում քաղբանտարկյալների փաթեթով

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը լինելու է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յանգլանդի’ մայիսի 8-ին Բաքու ծրագրած այցի օրակարգի գլխավոր թեմաներից մեկը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության, Յանգլանդը Բաքվում կանդրադառնա նաեւ Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսին եւ նրա ամուսնուն’ Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինաբար բերման ենթարկելու, նվաստացնելու եւ ճնշումներ գործադրելու փաստին:

Բացի այդ, անդրադարձ է կատարվելու Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմային եւ այդ խնդրի լուծման անհրաժեշտությանը’ կապված Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը Ադրբեջանի կողմից առաջիկայում ստանձնելու հետ:

Լեյլա Յունուսը եւ նրա ամուսինը բերման են ենթարկվել’ որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ’ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքին դավաճանության» հոդվածով: Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ, իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապօրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ց անկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ:

Այս տարվա սկզբին Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում Լեյլա Յունուսը հայտարարել էր, որ Ադրբեջանում 97 քաղաքական կալանավորներ եւ 38 «խղճի բանտարկյալներ» կան: Նրա խոսքով, քաղաքական դրդապատճառներով ձերբակալված 116 մարդու նկատմամբ դատարանն արդեն վճիռ է կայացրել, 12 մարդու գործերը գտնվում են դատարանում, եւս 6 մարդու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

Իրավապաշտպանը նշել է, որ նրանք բոլորը բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանություններին:

Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում