Ռոհանիի Բաքու այցը Ադրբեջան-Իրան հարաբերություններում ոչինչ չի փոխի. ադրբեջանցի փորձագետ

Ռոհանիի Բաքու այցը Ադրբեջան-Իրան հարաբերություններում ոչինչ չի փոխի. ադրբեջանցի փորձագետ

Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովի’ իրանական Mehr լրատվական գործակալությանը, Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի մոտ ժամանակում Ադրբեջան այց կատարելու մասին արած հայտարարությունը քաղաքական շրջանակներում միանշանակ չի ընդունվել: Եթե պաշտոնական շրջանակներն այցը համարում են վերջին տարիներին Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերություններում առկա սառնության մեղմացում, ապա քաղաքական փորձագետ Էլխան Շահինօղլուն գտնում է, որ Ռոհանիի Բաքու այցը ադրբեջանա-իրանական հարաբերություններում ոչինչ չի փոխելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ի հետ զրույցում Շահինօղլուն ասել է, որ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի ապրիլի 9-ին Իրան կատարած մեկօրյա այցից հետո Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի արած հայտարարությունից երեւում է, որ կողմերի միջեւ չհամաձայնեցված բավական շատ հարցեր կան: Ըստ նրա’ Իրանի հետ ամբողջությամբ մերձենալը խոչընդոտող հիմնական գործոններից մեկը Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն են: Որոշ փորձագետներ գտնում են, որ Ռոհանիի այցը կապված է չհամաձայնեցված հարցերը կրկին քննարկման դնելու հետ:

Մյուս կողմից, Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան: Փորձագետների կարծիքով, հնարավոր է’ Լիբերմանի հնգօրյա այցի արդյունքներն էլ են Իրանի համար հետաքրքիր, եւ այն, որ Ռոհանիի Բաքու այցը կատարվում է Լիբերմանի այցից հետո, եւս պատահական չէ:

«Իլհամ Ալիեւի այցից հետո Ռոհանիի Ադրբեջան այցը փոխադարձ ժեստի ցուցադրություն է: Երեւում է’ երկու կողմն էլ շահագրգռված են հարաբերությունների մեղմացումով: Սակայն, իրանական կողմը կրկին նախապայմաններով է խոսում եւ Բաքվից պահանջում խզել Իսրայելի հետ հարաբերությունները: Բայց Բաքուն գտնում է, որ Իսրայելի հետ տնտեսական, ռազմական համագործակցությունն Իրանի հետ համագործակցությունից ավելի օգտակար է: Ես Ռոհանիի Բաքու այցից որակապես նոր փոփոխություններ չեմ սպասում: Իսկ Լիբերմանը եկել է կոնկրետ առաջարկություններով», – նշել է փորձագետը :

Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր հայտնել են, որ Լիբերմանը Բաքվում իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ ստորագրել է Ադրբեջանի եւ Իսրայելի արտաքին գերատեսչությունների միջեւ կանոնավոր դիվանագիտական խորհրդատվությունների մասին արձանագրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում