ՆԱՏՕ-ն հավանական չի համարում ռուսական զորքի մուտքը Ուկրաինայի արեւելյան շրջաններ

ՆԱՏՕ-ն հավանական չի համարում ռուսական զորքի մուտքը Ուկրաինայի արեւելյան շրջաններ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, թե հավանական չի համարում ռուսական զորքերի մուտքն Ուկրաինայի արեւելյան շրջաններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Չեմ կարծում, որ դա գործողությունների առավել հավանական ընթացքն է… Նախագահ Պուտինը կարող է Ուկրաինայի արեւելքում իր նպատակներին հասնել սահմանից այն կողմ զորքեր չուղարկելով»,- ասել է գեներալը Օտտավայում սպառազինությունների հարցերին նվիրված խորհրդաժողովում:

Գեներալ Բրիդլավի խոսքով՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններն անկարգություններ են հրահրում Ուկրաինայի արեւելքում: Նա այն կարծիքին է, որ Մոսկվան հնարավորություններ ունի ապակայունացնելու Ուկրաինայի իրադրությունը:

Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները ժխտում են իրենց մասնակցությունն Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող հուզումներին:

Իսկ նախօրյակին Եվրամիության անդամ 28 երկրների դեսպանները Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարության շուրջ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայության աշխատակիցը: «Աշխատանքը կշարունակվի»,- հավելել է նա:

Դիվանագետների խնդիրն է՝ միջանկյալ որոշում ընդունել Մոսկվայի նկատմամբ նոր սահմանափակիչ միջոցներ ձեռնարկելու նպատակահարմարության վերաբերյալ, որն այնուհետեւ կքննարկվի ԵՄ-ի ԱԳ նախարարների մակարդակով: Նրանք մայիսի 12-ին արտահերթ հանդիպման են հավաքվելու Բրյուսելում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում