Հորդանանում Դավութօղլուին թույլ չեն տվել մտնել սիրիացի փախստականների ճամբար

Հորդանանում Դավութօղլուին թույլ չեն տվել մտնել սիրիացի փախստականների ճամբար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին եւ նրան ուղեկցող թուրքական պատվիրակությանը Հորդանանում թույլ չեն տվել մտնել սիրիացի փախստականների Զաաթարի ճամբար: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Հորդանան էր ժամանել մասնակցելու «Սիրիայի բարեկամների» հավաքին, որտեղ պետք է քննարկվեին սիրիացի փախստականների հետ կապված հարցեր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը’ նշելով, որ թեեւ հանդիպումը տեղի է ունեցել Զաաթարի ճամբարի վարչական շենքում, սակայն, նրա մասնակիցներին թույլ չի տրվել անցնել փախստականների բնակության հատված:

Թերթը գրում է, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Լիբաբանի, Իրաքի ԱԳՆ ղեկավարները եւ Եվրամիության փախստականների հարցերով հանձնակատարը’ միաժամանակ նշելով, որ հորդանանցի պաշտոնայները նրանցից ոչ մեկին, այդ թվում’ Դավութօղլուին, թույլ չեն տվել տեսակցել սիրիացի փախստականների հետ: Թուրքիայի արտգործնախարարը Հորդանանից վերադարձել է առանց տեսակցելու սիրիացի փախստասկանների հետ, ինչի համար մեկնել էլ այդ երկիր:

Հորդանանի Զաաթարի ճամբարում 110 հազար սիրիաիցի փախստական է բնակվում: Ընդհանուր առմամբ’ Հորդանանում 600 հազարից ավելի սիրիացի փախստական կա: Թուրքիայում նրանց թիվը գերազանցում է 900 հազարը:

ՄԱԿ-ի տվյալներով’ Սիրիայում երեք տարուց ավելի շարունակվող ներքին պատերազմի պատճառով փախստականների թիվն արդեն գերազանցում է 1,6 միլիոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում