Թուրքիայի վարչապետը հերթական «բարոյական վնասի» փոխհատուցումն է ստացել

Թուրքիայի վարչապետը հերթական «բարոյական վնասի» փոխհատուցումն է ստացել

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը շահել է իր անձը վիրավորելու մեղադրանքով’ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից բարոյական վնասի փոխհատուցում պահանջելու մասին ներկայացրած դատական հայցը: Էրդողանը Քըլըչդարօղլուի դեմ դատական հայց էր ներկայացրել այն բանի համար, որ անցյալ տարի հեռուստա տեսությամբ եւ հանրահավաքներում ունեցած ելույթներում, իր պնդմամբ’ ԺՀԿ առաջնորդը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր անձի նկատմամբ:

Անկարայի դատարանը, որտեղ քննվել է հայցը, ընդունած վճռով պարտավորեցրել է Քըլըչդարօղլուին 10 հազար լիրա (մոտ 6 հազար ԱՄՆ դոլար) բարոյական վնասի փոխհատուցում վճարել Էրդողանին: Վերջինս իրեն վիրավորելու համար հայցում 100 հազար լիրա էր պահանջել ԺՀԿ առաջնորդից:

Թուրքիայում 2003 թ-ին իշխանության գալուց հետո Էրդողանը բազմաթիվ դատական գործեր է հարուցել մամուլում իրեն վիրավորած քաղաքական գործիչների, լրագրողների եւ մտավորականների դեմ: Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ պաշտոնապես հայտարարագրված ֆինանսական միջոցների կեսից ավելին Էրդողանը կուտակել է իրեն վիրավորելու համար փոխհատուցման պահանջով բացած դատական գործերը շահելու հաշվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում