Հրանտ Դինքին սպանել է Գյուլենի կազմակերպությունը. թուրք քրեական հեղինակություն

Հրանտ Դինքին սպանել է Գյուլենի կազմակերպությունը. թուրք քրեական հեղինակություն

Թուրքիայի քրեական աշխարհի հեղինակություններից Քյուրշաթ Յըլմազը հայտարարել է, որ «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանել է արդի իսլամի գաղփարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը: Նա պնդել է, թե Գյուլենի շարժումը «ահաբեկչական կառույց» է եւ ժամանակին իրեն պատվիրել է սպանել Հրանտ Դինքին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը, հայտնում է թուրքական «Թաքվիմ» թերթը:

Ըստ թերթի, թուրք քրեական հեղինակությունը հայտարարել է, որ Դինքի սպանությունը կազմակերպել են Գյուլենի’ անվտանգության մարմիններում բույն դրած ահաբեկչական կազմակերպության անդամ պաշտոնյաները: Յըլմազը դատական հայց է ներկայացրել ընդհանուր առմամբ 15 անձանց, այդ թվում Ստամբուլի հանրապետական դատախազության ներկա եւ նախկին դատավորների, դատախազների եւ քաղաքական գործիչների դեմ եւ հայտարարել, որ նրանք բոլորը Գյուլենի կազմակերպության անդամներ են:

Նա ասել է, որ դեռեւս 2004 թ. Ի.Ի. ներկայացած Անկարայում Գյուլենի համայնքի պատասխանատուն, ով հետախուզության գործակալ էր, Հ.Ա. անունով մի այլ գյուլենականի հետ իրեն առաջարկել են սպանել Հրանտ Դինքին: «Ես չընդունեցի առաջարկը: 2005 թ. ինձ ձերբակալեցին «Թոփրաք» գործողության ժամանակ: Գյուլենի ահաբեկչական կազմակերպության մասին հայտնեցի դատախազին, սակայն ինձ բանի տեղ չդրեցին: Հետո հասկացա, որ նա եւս այդ կառույցի անդամ է», -ասել է Յըլմազը:

Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում’ վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւո րդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում