Իրանում սկսել են ավելի բաց խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

Իրանում սկսել են ավելի բաց խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

Վերջին շրջանում Իրանում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ զգալի ակտիվություն է նկատվում: Մասնավորապես’ վերջին երկու տարում էապես ընդլայնվել է այս հարցին նվիրված միջոցառումների թիվը, ինչպես նաև ընդգրկումը: Ասվածի ապացույց կարելի է համարել արդեն երկրորդ տարին Թեհրանում տեղի ունեցող բազամահազարանոց ցույցերը՝ կազմակերպված իրանահայ համայնքի կողմից: Սա իրապես նշանակալի իրադարձություն է, քա նի որ նախկինում նման ցույցերը չէին արտոնվում իրանական իշխանությունների կողմից:

Ի դեպ, հարցին լավատեղյակ աղբյուրները նշում են, որ հատկապես այս տարվա ցույցը, որ տեղի ունեցավ ապրիլի 24-ին Թեհրանում Թուրքիայի դեսպանության առջև, առաջ է բերել թուրքական կողմի լուրջ դժգոհությունը Իրանի իշխանություններից, իսկ Իրանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունը փորձել է ճնշում գործադրել իրանական իշխանությունների վրա՝ ձգտելով խափանել իրանահայերի այս նախաձեռնությունը, սակայն ապարդյուն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Հայոց ցեղասպանության իրողությանը իրանական պետական-քաղաքական և մտավորական լսարանին ծանթացնելու նպատակով Թեհրանի Հայ Դատի հանձնախումբը և «Հուսկ» կազմակերպությունը Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր անցկացրել։ Իրանի պետական օրհերգով մեկնարկած միջոցառման ընթացքում բացման խոսքն ընթերցել է իրավաբան Թալին Բանդարին, ով ներկայացրել է Ցեղասպանության իրողությունը և նշել, որ դրա 100-ամյա տարելիցի շեմին համայն հայությունը ավելի ամրակուռ և վճռականորեն է պահանջում իր արդար իրավունքների իրականացումը:

Միջոցառման ընթացքում ընթերցվել է նաև Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի մեջբերումը, որ նա արել էր ՄԱԿ-ի 68-րդ վեհաժողովում։ Այնուհետև ցուցադրվել է փաստավավերագրական տեսաֆիլմ, որը ոչ միայն պատմում էր Ցեղասպանության մասին, այլև ներկայացնում Թուրքիայի և Ադրբեջանի որդեգրած հակահայ քաղաքականությունը, որը հանգեցրեց Հրանտ Դինքի սպանությանը, Սումգայիթի կոտորածներին և Քեսաբում հայերի տեղահանությանը: Երեկոյի գեղարվեստական մասում ցուցադրվել է իրանցի երաժիշտ Քուրոշ Թավաքոլիի հեղինակած ցեղասպանությունների երաժշտական նախագծի Armenian Genocide տեսահոլովա կը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում