Բակո Սահակյանը ՄԽ համանախագահներին. Վերադարձ անցյալ կարգավիճակին և տարածքներին անհնար է

Բակո Սահակյանը ՄԽ համանախագահներին. Վերադարձ անցյալ կարգավիճակին և տարածքներին անհնար է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Ինչպես Times.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահաի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ’ հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորին անաչառ եւ արդյունավետ աշխատանքի համար’ ամենայն բարիք մաղթելով նրան:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին’ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակներում դրա խաղաղ կարգավորմանը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են եւ վերադարձ անցյալին’ թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:

Անդրադարձ է կատարվել նաեւ սահմաններում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում