Ադրբեջանում ընդունված օրենքները հակասում են եվրոպական պարտավորություններին

Ադրբեջանում ընդունված օրենքները հակասում են եվրոպական պարտավորություններին

Խոսքի, մամուլի ազատության, դատարանների գործունեության անկախության, հավաքների ազատության վերաբերյալ Ադրբեջանում ընդունված որոշ օրենքներ հակասում են Եվրոպայի Խորհրդի անդամ ընդունվելու ժամանակ Բաքվի ստանձնած պարտավորություններին: Այս մասին APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բաքվում գտնվող ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը:

Նրա խոսքով, թեեւ Ադրբեջանն ընդունել է մեծ թվով ԵԽԽՎ բանաձեւեր և փաստաթղթեր, սակայն դեպի Եվրոպա նրա ուղին դեռեւս անորոշ է մնում:

«Գտնում եմ, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահության շրջանը բարենպաստ պահ է այդ երկրի համար, որպեսզի նա արագացնի բարեփոխումները: Այստեղ գլխավոր հարցերի մեջ ես պետք է նշեմ խոսքի և արտահայտվելու, մամուլի ազատությունը, դատարանների գործունեության անկախությունը, հավաքների ազատությունը», -նշել է Անն Բրասյորը:

ԵԽԽՎ նախագահը դժգոհել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրեն թույլ չի տվել հանդիպել ներկայում դատապարտյալ, Ժողովրդավարության Բաքվի ամառային դպրոցի նախագահ Իլգար Մամեդովի հետ: Նա գտնում է, որ Վեհաժողովի անդամները պետք է հնարավորություն ունենան ազատորեն այցելելու իրենց ընտանիքներին, քանի որ Իլգար Մամեդովն իրենց միասնական ընտանիքի անդամն է:

Անն Բրասյորը նաեւ նշել է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է մուտքի արտոնագիր տալ ԵԽԽՎ փոխնախագահ Ռենեին, ինչը հակասում է ԵԽԽՎ Փարիզի արձանագրությանը: «Վեհաժողովի յուրաքանրյուր անդամ պետք է մուտքի իրավունք ունենա յուրաքանրյուր երկիր, որը հանդիսանում է խորհրդի անդամ», -հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում