Հռոմի պապը Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ է նշանակել

Հռոմի պապը Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ է նշանակել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիայի կաթոլիկ հայերի համայնքի եպիսկոպոս է նշանակել Ստամբուլում ծնված գիտնական, քահանա Լևոն Պողոս Զեքիյանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը:

Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ նշանակված Զեքիյանը հիշեցրել է, որ դեռևս 1829-1830 թթ. օսմանյան հասարակության ներսում կաթոլիկ հայերը ճանաչվել են որպես առանձին համայնք, և թեպետ համայնքը սակավաթիվ հետևորդներ ունի, սակայն գլխավորապես արվեստի ու թատրոնի բնագավարում ինչպես հայկական համայնքի, այնպես էլ օսմանյան ու թուրքական համայնքի ներսում այն մեծ ներդրումներ է ունեցել:

Թուրքիայի ներկայիս հայ կաթոլիկ համայնքն ունի շուրջ 3650 անդամ, որոնք հիմնականում բնակվում են Ստամբուլ և Անկարա քաղաքներում՝ ենթարկվելով Ստամբուլի արքեպիսկոպոսությանը։ Ի տարբերություն Ստամբուլի՝ Անկարայի հայ կաթոլիկ համայնքը կազմակերպված չէ: Փաստորեն, այսօր Անկարայի հայ կաթոլիկները սեփական եկեղեցի չունեն, իսկ դա նպաստավոր կլիներ համախմբման համար: Անկարայի հայ կաթոլիկ? ?երն ստիպված են հավաքվել ֆրանսիական եկեղեցում, որտեղ քարոզները կատարվում են միայն թուրքերեն, քանի որ համայնքն ամբողջապես թրքախոս է։

Այլ է իրավիճակը Ստամբուլում, որտեղ գտնվում է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի եպիսկոպոսությունը՝ Կ.Պոլսի թեմը։ Նշենք, որ այստեղ բնակվում են համայնքի 2000 անդամ, որոնք բավական կազմակերպված են և ունեն ոչ միայն համայնքապատկան եկեղեցիներ, այլև բարեգործական կառույցներ, ինչը որոշակիորեն թեթևացնում է համայնքի առջև ծառացած խնդիրները։ Ստամբուլում գործում է 12 հայկական կաթոլիկ եկեղեցի, ընդամենը մեկ եկեղեցի է գործում Մարդին քաղաքում, որից օգտվում են մեկուսի պայմաններում ապրող մի քանի ընտանիքից բաղկացած հայ կաթոլիկները։ Այստեղ ստամբուլցի քահանաներն այցելում են ամսական մեկ անգամ’ հիմնականում պատարագների մասնակցելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում