Ութ շրջանավարտներ «մնաս բարով» ասացին Քարվաճառի դպրոցին

Ութ շրջանավարտներ «մնաս բարով» ասացին Քարվաճառի դպրոցին

Այսօր, մայիսի 23-ին, ինչպես Արցախի Հանրապետության մյուս դպրոցներում, Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցում էլ հնչեց վերջին զանգը: Քարվաճառի դպրոցն այս տարի ունի մեկ ավարտական դասարան: Դպրոցին «մնաս բարով» ասացին 8 շրջանավարտներ:

Միջոցառման սկզբում շրջանավարտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին, ներկա հյուրերին ողջույնի խոսք ասաց դպրոցի տնօրեն տիկին Էմմա Ֆահրադյանը, որից հետո շրջանավարտները ներկայացրին իրենց վերջին դասը: Նրանք իրենց դասն սկսեցին դասղեկին նվիրված երգով, այնուհետեւ նրան հանձնեցին պատվոգիր:

Երեխաներ շնորհակալություն հայտնեցին դպրոցի տնօրենին, փոխտնօրեններին ու բոլոր ուսուցիչներին’ իրենց գիտելիք տալու, կրթելու, իրենց չարաճճիությունների հանդեպ ներողամիտ լինելու համար: Եւ իհարկե, նրանք ներկայացրին հումորային դրվագներ իրենց դասերից:

Շրջանավարտներին ողջունելու էին եկել դպրոցի այս տարվա առաջին դասարանցիները: Նրանք շնորհավորեցին եւ կանաչ ճանապարհ մաղթեցին իրենց ավագ ընկերներին:

Տասներկուերորդցիները դպրոցի իմաստնության բանալին փոխանցեցին հաջորդ տարվա շրջանավարտներին ու նրանց հաջողություններ ցանկացան ուսման մեջ:

Միջոցառման վերջում շնորհավորանքի խոսք ասաց դպրոցի տնօրեն Էմմա Ֆահրադյանը: «Մենք լսեցինք երեխաների վերջին դասը, ու կարծում եմ, որ այս դասը կարելի է գերազանց գնահատել», ասաց նա: Նա իր խոսքում հիշեց այս տարվա շրջանավարտների ունեցած հաջողությունները թե´ դպրոցում, թե´ տարբեր հանրապետական մրցույթներում եւ նորանոր հաջողություններ մաղթեց նրանց: «Այս տարի բոլոր շրջանավարտները տարբեր մասնագիտություններ են ընտրել, եւ ես հույս ունեմ, որ բոլորն էլ կհասնեն իրենց նպատակին ու մեր հասարակության համար պիտանի մարդիկ կդառնան», բարեմաղթեց տնօրենը:

Ողջույնի խոսք ասաց Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը: Նա շրջանավարտներին կանաչ ճանապարհ ու հաջողություններ մաղթեց եւ նվերներ հանձնեց:

Քարվաճառի զորամասի հրամանատար Գեւորգ Գրիգորյանը եւս շնորհավորեց շրջանավարտներին զորամասի անունից ու նվերներ հանձնեց նրանց:

Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանն էլ մաղթեց շրջանավարտներին, որ նրանց կյանքում միշտ շողա պայծառ արեւն ու հավաստիացրեց, որ այս տարվա շրջանավարտները գիտելիքի հարուստ պաշարով են թողնում դպրոցը:

Դպրոցի փոխտնօրեն տիկին Արեգնազան Ղուկասյանը ցանկացավ, որ ուսուցիչների փոխանցած գիտելիքները միշտ օգնեն երեխաներին իրենց կյանքի ընթացքում, ու իրականանան շրջանավարտների բոլոր երազանքները: «Մենք շատ ենք ուրախանում ձեր ունեցած հաջողություններով, եւ Աստված տա, որ ապագայում էլ միշտ ուրախանալու առիթ ունենանք: Եւ ինչ էլ որ դառնաք, ինչ էլ որ անեք, միշտ հիշեք ամենակարեւորի’ մարդկային բարձր հատկանիշների մասին: Եւ Աստված տա, որ մենք ամեն տարի մեր շրջանավարտներին դպրոցից ճանապարհ դնենք խաղաղ երկնքի տակ»:

Նշենք, որ այս տարի Շահումյանի շրջանի 16 համայնքներից դպրոցն ավարտում է 39 աշակերտ, որոնցից 13-ը կմասնակցեց միասնական քննությունների: Քարվաճառի դպրոցից միասնական քննություններին կմասնակցի հինգ աշակերտ:

Թամարա Գրիգորյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում