Ադրբեջանը ԵԽԽՎ-ին անզորության հասցրեց

Ադրբեջանը ԵԽԽՎ-ին անզորության հասցրեց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը, ով Բաքու է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստին, հայտարարել է, որ թեև Ադրբեջանը վավերացրել է ԵԽ բանաձևերի գերակշիռ մասը, սակայն, մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանում խնդիրներ կան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, ԵԽԽՎ նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի պատգամավորների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում:

Նա ասել է, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում առկա քաղաքական բանտարկյալների խնդրին, որոնց թիվն անցնում է 100-ը:
«Մի քանի շաբաթ առաջ ես Ադրբեջանի իշխանություններին խնդրել էի իմ այցի ընթացքում հանդիպում կազմակերպել քաղաքական բանտարկյալների, այդ թվում’ Իլգար Մամեդովի հետ: Սակայն, այդ հանդիպումը չկայացավ: Եթե իմ հաջորդ այցին նրանք դեռ ճաղերի հետևում լինեն, ես դարձյալ փորձելու եմ հանդիպել նրանց հետ», -ասել է Բրասյորը:

ԵԽԽՎ նախագահը ադրբեջանական կառավարությանը քննադատել է մարդու իրավունքների ոլորտում խոստացած բարեփոխումները չկատարելու համար: Բաքվում նրա արած քննադատություններն ու, հատկապես, հայտարարությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով’ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման միջազգային սկզբունքների հիման վրա, զայրացրել է ադրբեջանական իշխանություններին: Բանը հասել է նրան, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մշտական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հանդես է եկել հայտարարությամբ, թե «ԵԽ-ն արդեն կորցնում է իր ազդեցությունը և շուտով կվերանա»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում