«Սահմանապահ», համեստ վերջին զանգ. Times.am-ի անդրադարձը

«Սահմանապահ», համեստ  վերջին  զանգ. Times.am-ի անդրադարձը

Երեկ, երբ  ժամացույցի  սլաքներն  ազդարարեցին  մայիսի 23-ի  մուտքը, շնորհավորանքս  «ուղևորվեց» սահմանամերձ գյուղեր, որովհետև այստեղ մտահոգությունը ոչ թե «Վերջին զանգին» ինչ հագնելն  է կամ որտեղ նշելը, այլ` ինչպես: Սա  է պատճառը, որ մասնագիտական  ուշադրությանս կենտրոնում ևս սահմանամերձ  գյուղի  սահմանապահ շրջանավարտն է:

Տավուշի մարզի Այգեպար գյուղի  միջնակարգ  դպրոցի աշակերտուհի Սոնա Գրիգորյանի հիշողություններում  կմնա  թշնամու  կրակոցների  պատճառով ընդհատված  բովանդակալից դասաժամերն ու  այդ  սպառնալիքից «ուժեղացած» ուրախ օրերը:

Մայիսի սկզբին, երբ լրագրողական խմբով  Այգեպարում էինք, Սոնան դպրոցի  բակում կազմակերպված միջոցառման  ժամանակ  մտահոգ  այս  ու  այն կողմ էր գնում.

«Բոլորը փորձ  են անում, մեր էրեխեքը չգիտեն էս կրակոցների պատճառով  ինչ անեն: Բացարձակ գերազանցիկ է, ուզում է գա Երևան  ու տնտեսագետ  դառնա, տեսնենք ոնց կլինի»,- ասաց Սոնայի մայրը, ով Այգեպարի  դպրոցի  անգլերենի միակ ուսուցչուհին է:

Այգեպարի դպրոցն  այս տարի 4 շրջանավարտ ունի, բայց  միայն 2-ն է մտադիր բուհ ընդունվել:Երեկ Times.am-ի հետ զրույցում  ասաց  տեղեկացրեց  Սոնան.

«Մեր մոտ  միշտ  էլ ուրախ և ակտիվ է կազմակերպվել վերջին զանգը, բայց մի կողմից  վերանորոգվում է դպրոցը, մյուս կողմից  4 աշակերտ  ենք, կրակոցներն էլ այս տարի ավելի շատ են, դրա համար չստացվեց  վերջին  զանգն  ինչպես  հարկն է կազմակերպել: Դասարանում կհավաքվենք ուսուցիչներով և  ծնողներով և  մտերմիկ զրույցի շուրջ շատ համեստ կանցկացնենք մեր օրը»,- շարունակեց  Սոնան:

Չինարիում այս տարի դպրոցը կավարտի 12 աշակերտ:Գյուղապետ Սամվել Սաղոյանը  մի պահ ընդհատեց  նարդու  խաղը (լսափողից  այն կողմ լսվում  էր զառերի շրխկոցը) և  մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «Վերջին զանգն» անցել  է շատ լավ:

Ներքին Կարմիրաղբյուր  համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանն էլ տեղեկացրեց, որ  իրենց մոտ վերջին զանգը  կհնչի մայիսի 25-ին, իսկ ավարտողները 11-ն  են:

«Կրակոցներ էլ այսօր չեն եղել»,-ավելացրեց գյուղապետը:

Երեկ, երբ ԿԳ  նախարար Արմեն Աշոտյանին ակնարկեցի, թե ինչու  այս օրը երկրի ղեկավարությունը չի մեկնում  սահմանամերձ  գյուղեր, պատասխանեց, որ ինքն  ավանդույթ ունի` մի տարի մարզ է մեկնում, մի տարի մասնակցում երևանյան միջոցառումներին: Այս տարի հերթը Երևանինն է:

Չլսելով սահմանամերձ  որևէ  գյուղի անուն, հակադարձեցի` իսկ սահմանամերձ  գյուղե՞րը, նախարարը պատասխանեց, որ սահմանամերձ  գյուղի շրջանավարտներն իրենց ուշադրության  կենտրոնում են, մասնավորապես`բուհում սովորելիս արտոնություններ են տրվում:

Ի դեպ, երեկ  տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարությամբ լուծվել է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արման Խոջոյանի ուսման վերականգնման հարցը`ուսման վարձը զեղչվել է 90 տոկոսով:

Նա 2013-ին ընդունվել էր Երևանի թեթև արդյունաբերական քոլեջ, բայց երկրորդ կիսամյակից դուրս էր մնացել` ուսման վարձը վճարել  չկարողանալու  պատճառով: Հիմա արդեն Արման Խոջոյանը սեպտեմբերի 1-ից կշարունակի ուսումնառությունը:

Տեղեկացնենք, որ Արմանը հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված Արսեն Խոջոյանի կրտսեր եղբայրն է:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում