Թուրքիան Իսրայելի գլխավոր շտաբի պետին ձերբակալելու որոշում է ընդունել

Թուրքիան Իսրայելի գլխավոր շտաբի պետին ձերբակալելու որոշում է ընդունել

Ստամբուլի 7-րդ ծանր հանցագործությունների դատարանը թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա 2010 թ. մայիսի վերջին հարձակման դատական գործով Իսրայելի զինված ուժերի այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Ռաու Ալուֆի գլխավորությամբ Ծովուժի հրամանատար Էլիեզեր Ալֆրեդ Մարոմին, Հետախուզության պետ Ամոս Յադլինին, Օդուժի հրամանատար Ավիսհայ Լեւիին ձերբակալելու որոշում է ընդունել: Թուրքական դատարանն իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ վերջիններս «չեն պատասխանել միջազգային իրավունքի եւ արտասահմանյան կապերի ընդհանուր տնօրինության միջոցով ստացած հրավերներին եւ հայտնվել են դատարանից խուսափողի վիճակում»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

2010 թ. մայիսի 31-ին Պաղեստինի Գազայի հատված մարդասիրական բեռներ փոխադրող նավաշարասյան կազմում «Մավի Մարմարա» նավի վրա Իսրայելի զինվորների հարձակման հետեւանքով 9 թուրք քաղաքացի զոհվել, 30 հոգի էլ վիրավորվել էին:

Իսրայելյան Haaretz թերթը հայտնում է, որ անունը նշել չցանկացած իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիայի այդ որոշումը «ծիծաղելի սադրանք» է անվանել: «Եթե թուրքերի’ Իսրայելին հղելիք ուղերձը դա է, ապա այն միանգամայն պարզ է», -ասել է նա:

Թերթը հայտնել է, որ Իսրայելի 4 գեներալները Թուրքիայում հայտնվելուն պես կձերբակալվեն: Թերթը նշել է նաեւ, որ եթե Ինտերպոլն ընդունի Թուրքիայի այդ որոշումը, ապա իսրայելցի գեներալները կարող են ձերբակալվել նաեւ կառույցի անդամ երկրներում:

«Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները խզվել են: Երկրները փոխադարձաբար հետ են կանչել իրենց դեսպաններին: Թուրքիան հայտարարել է, որ հարաբերությունները կարող են վերականգնվել միայն այն բանից հետո, եթե Թել Ավիվը պաշտոնապես ներողություն խնդրի միջադեպի համար եւ խոշոր դրամական փոխհատուցումներ կատարի զոհվածների ընտանիքներին: Իսրայելյան կողմը հայտարարել է, որ թուրքական նավի նկատմամբ իր զինվորների գործողությունները եղել են միջազգային նորմերի սահմաններում, քանի որ թուրքական նավը չի կատարե լ ստուգում անցկացվելու համար իսրայելյան նավահանգիստ մտնելու զինվորականների օրինական պահանջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում