Ադրբեջանում արգելվել է հայտնի կրոնական համայնքը

Ադրբեջանում արգելվել է հայտնի կրոնական համայնքը

Ադրբեջանում չեղյալ է հայտարարվել «Ֆաթմաի Զահրա» ամենահայտնի սունի մահմեդական համայքներից մեկի պետական գրանցումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, արմատական իսլամիստական բնույթի այդ համայնքի պետական գրանցումն անվավեր է ճանաչվել Կրոնական կառույցների գծով պետական կոմիտեի հայցով դատարանի որոշման համաձայն: Որոշումն ընդունել է Բաքվի վար չական թիվ 2 տնտեսական դատարանը: Կրոնական համայնքի պետական գրանցումը չեղյալ հայտարարվելու պատճառը չի նշվում:

«Ֆաթմաի Զահրա» կրոնական համայնքը դատարանի որոշումն անվավեր ճանաչելու մասին բողոք է ներկայացրել Բաքվի վճռաբեկ դատարան:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերին մասնակցելու համար ադրբեջանցի մոջահեդներ հիմնականում մեկնում են այդ համայնքից:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվը մոտենում է հարյուրի: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների’ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով ադրբեջանցիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: Թուրքիայում Ադրբե ջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

Որոշ դիտորդների կարծիքով, Սիրիայում օրեցօր ահագնացող բախումները հնարավոր է ապագայում ներթափանցեն նաեւ Ադրբեջան: Եթե նախկինում ենթադրվում էր, որ այդ թշնամությունը տեղի է ունենալու շիա եւ սունի արմատական վահաբիների միջեւ, ապա այժմ դաժան դիմակայություն է սկսվել արմատական իսլամիստական խմբավորումների միջեւ: Դրա ապացույցը կարող է համարվել անցյալ դեկտեմբերի 11-ին Սումգայիթում արմատական խմբավորումների միջեւ տեղի ունեցած զինված ընդհարումը: Որոշ ժամանակ առաջ ադրբեջանցի մոջահեդներից մեկի կողմից «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կազմում Սիրիայում կռվող ադրբեջանցիներին ուղղված մեղադրանքը իսկական թշնամության է վերածվել այդ խմբավորումների միջեւ, ինչը գնալով ավելի է խորանում:

Իսրայելցի փորձագետ, նախկին դիվանագետ, Իսրայելի «Նաթիվ» կենտրոնի նախկին ղեկավար Յակով Քեդմին virtualaz.org լրատվական կայքին տված հարցազրույցում Ադրբեջանում կրոնական հողի վրա լարվածության հետ կապված հայտնել է, որ Ադրբեջանի համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը կրոնական հողի վրա ծայրահեղական հոգեվիճակի ուժեղացումն է: «Այս կամ այլ իսլամիստական խմբավորումների մարտիկների’ Սիրիայից Ադրբեջան վերադարձը կարող է պատճառ դառնալ երկրում ներքին կայունության կտրուկ խախտման եւ ահաբեկչական գործողությունների աճի համար», -ասել է իսրայելցի փորձագետը:

Jam.az լրատվական կայքը հայտնել էր, որ Ադրբեջանում գործող «Մեշա գարդաշլարը» (Անտառի եղբայրներ) եւ «Ջեյշուլլահ» (Ալլահի բանակ) արմատական իսլամիստական կազմակերպությունները հունվարի 29-ին հանդես էին եկել Ադրբեջանի իշխանության դեմ ահաբեկչական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ: Նրանք սպառնացել են Բաքվում առաջին իսկ հարձակման ժամանակ 100 ոստիկան սպանել: «Ջեյշուլլահ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ շուտով իրենք ջիհադ են հայտարարելու Ադրբեջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում