Բրիտանացիները պատրանքներ չեն տածում ԵՄ-ի վերաբերյալ. Քեմերոն

Բրիտանացիները պատրանքներ չեն տածում ԵՄ-ի վերաբերյալ. Քեմերոն

Եվրախորհրդարանի ներկայիս ընտրությունների արդյունքներն այն բանի «միանշանակ ըմբռնում են տալիս», որ միավորված Եվրոպան այլեւս չի կարող լինել այնպիսին, ինչպիսին առաջ էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում ԵՄ-ի երկրների 28 ղեկավարների հանդիպման նախօրյակին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

«Այժմ բոլորին վերջնականապես պարզ է, որ բրիտանացիները պատրանքներ չեն տածում Եվրամիության վերաբերյալ,- նշել է կառավարության ղեկավարը:- Կայացած ընտրությունների արդյունքներն ապացուցում են, որ մարդիկ փոփոխություններ են ակնկալում հանրակցության աշխատանքի կառուցվածքում»: «Դա հասկանալի ցանկություն է, եւ մենք այն լսեցինք»,- ընդգծել է Քեմերոնը:

Ինչպես հայտնել Է Դաունինգ սթրիթում վարչապետի դիվանատան ներկայացուցիչը, Քեմերոնն արդեն մի քանի հեռախոսազրույց է ունեցել եվրոպացի գործընկերների հետ եւ հորդորել է նրանց Եվրամիության կառուցվածքի փոփոխման հարցը քննարկման դնել մայիսի 27-ին Բրյուսելում կայանալիք արտահերթ գագաթնաժողովում: «Վարչապետի զրուցակիցները համաձայնել են, որ ներկա պայմաններում շատ կարեւոր է որոշել վերաբերմունքը եվրոպական նախագծի նկատմամբ եւ հասկանալ՝ դեպի ուր է այն շարժվում»,- հայտնել է դիվանատան ներկայացուցիչը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում