Թուրքական մամուլն անդրադարձել է Հայաստանի նախագահի հրավերին

Թուրքական մամուլն անդրադարձել է Հայաստանի նախագահի հրավերին

Թուրքական առաջատար մամուլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Թուրքիայի ապագա նախագահին Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին’ խուսափելով հանդես գալ որեւէ մեկնաբանությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական մամուլը ՀՀ նախագահի հրավերը ներկայացրել է «Հայաստանի նախագահը Թուրքիայի այս տարի ընտրվելիք նոր նախագահին հրավիրել է մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին» վերնագրով: Թուրքական մամուլը նշել է, որ հայկական կողմը պահանջում է 1915 թ. իրադարձությունները ճանաչել ցեղասպանություն, իսկ Թուրքիան հայտարարում է, թե այդ ժամանակ հայերի հետ թուրքեր էլ են սպանվել:

Մասնավորապես, թուրքական T24 անկախ ինտերնետային թերթը մեջբերել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումների» համար կազմակերպչական խորհրդի հավաքում նախագահ Սարգսյանի արած հետեւյալ արտահայտությունը: «Թեեւ Անկարան նախկինում չտեսնված նոր քայլեր է կատարում, սակայն, այդ քայլերն արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա ժխտողական քաղաքականությունը եւ կրկնում զոհին եւ դահճին միեւնույն հարթություն բերելով, անհամեմատելի բաները համեմատելով, պատմությունը խեղաթյուրող հայտնի թուրքական դիրքորոշումով, եւ չնայած դրան’ Հայոց ցեղասպանության բազմաթիվ ապացույցների հետ առերեսվելու համար Թուրքիայի նախագահին 2013 թ. ապրիլի 24-ին պաշտոնապես հրավիրում եմ Հայաստան»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 23-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում ցավակցություն էր հայտնել «20-րդ դարասկզբին կյանքերը կորցրած հայերի» թոռներին եւ փորձել հավասարության նշան դնել կորուստների միջեւ: Հայաստանն ու հայկական սփյուռքը Էդողանի այդ հայտարարությունը որակել են Հայոց ցեղասպանության իրողությունը նորովի ժխտելու փորձ եւ պահանջել, որպեսզի Թուրքիան 1915-1923 թթ. 1,5 մլն հայերի կոտորածները ճանաչի որպես ցեղասպանություն եւ փոխհատուցի մարդկության դեմ կատարած այդ ոճրագործության համար:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում