Դավութօղլու. Էրդողանի հայտնի ուղերձի նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարն է

Դավութօղլու. Էրդողանի հայտնի ուղերձի նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարն է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ապրիլի 23-ին հայերին ուղղված վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձի նպատակը աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարն է: Այս խոստովանությունը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ակոս» թերթը, Դավութօղլուն արել է Ստամբուլից ընտրված պատգամավոր Իհսան Բարութչուի’ Էրդողանի հայտնի ուղեր ձի մասին խորհրդարանում արած հարցապնդմանը տված գրավոր պատասխանում:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Էրդողանի «ապրիլքսանչորսյան» ուղերձը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի ամբողջական ռազմավարության մաս է կազմում:

Դավութօղլուն թուրք պատգամավորին տված պատասխանում նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ աշխատելու են «դիվանագիտությունից մինչեւ իրավական, հասարակականից մինչեւ գիտական ոլորտներում եւ թուրքական սփյուռքի մասնակցությամբ»: «Թուրքիայի վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձն այդ ամբողջական ռազմավարության մասն է կազմում», -նշել է նա:

Ապրիլի 23-ի ուղերձում Էրդողանը ցավակցություն էր հայտնել 1915 թ-ին զոհվածների թոռներին’ չհեռանալով պաշտոնական ժխտողական թեզից: Հայաստանն ու հայկական սփյուռքը Էրդողանի այդ հայտարարությունը բնութագրել են որպես Թուրքիայի ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության նորովի ժխտման փորձ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում