Ջեյմս Ուորլիքը ողջունել է ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը Բաքվում

Ջեյմս Ուորլիքը ողջունել է ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը Բաքվում

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հայտարարությունը Բաքվում գոհացրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերի կոչը’ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Մինսկի խմբի համանախագահը:

Բուրկհալտերը տարածաշրջան պաշտոնական այցի առաջին օրը ժամանել էր Բաքու, որտեղ նա կոչ էր արել ակտիվացնել խաղաղ բանակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Նա շեշտել էր, որ քայլ առ քայլ պետք է հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ գործող նախագահի գնահատմամբ, անհրաժեշտ է ակտիվացնել բանակցությունները’ որպես նախագահների հաջորդ հանդիպման հիմք, որից էլ պետք է շարունակվեն խաղաղ բանակցությունները:

Բուրկհալտերը ափսոսանք էր հայտնել, որ հրադադարի կնքումից 20 տարի անց էլ շփման գծում շարունակվում են միջադեպերը: Նա կողմերին կոչ էր արել չխախտել հրադադարի համաձայնագիրը, որպեսզի մեխանիզմներ մշակվեն միջադեպերի հետաքննության համար, հասարակությունների մեջ արմատներ գցվեն հետագա երկխոսության և փոխվստահության հաստատման համար: Բուրկհալտերը կրկին շեշտել է, որ շվեյցարական կողմը աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանն ու համոզված է, որ խնդիրը պետք է կարգավորվի միայն այդ կառույցի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում