Աբխազիան կվերանայի Հայաստանի հետ կապող երկաթուղու բացման հարցը. քաղաքագետ

Աբխազիան կվերանայի Հայաստանի հետ կապող երկաթուղու բացման հարցը. քաղաքագետ

Աբխազիան կվերանայի Վրաստանով դեպի Հայաստան տանող երկաթուղու բացման հնարավորությունը: Նման  կարծիք է հայտնել քաղաքագետ, Alte Et Certe վերլուծական գործակալության ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը: Այս մասին  հայտնում  է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  ՌԴ-ում լույս տեսնող «Երկրամաս» պարբերականը:

«Խոսքը չի վերաբերում Աբխազիայի ղեկավարության մեջ անունների փոփոխությանը, այլ նրան, թե ինչ իրավիճակում կգտնվի երկիրը: Հիմնական պատճառը, որ Աբխազիան չէր ցանկանում Վրաստանի հետ բացել երկաթուղային հաղորդակցությունը, այն էր, որ Աբխազիային դա ուղղակի պետք չէր»,- ասել է նա:

Քաղաքագետը նշել է, որ Աբխազիան «հեքիաթային» իրավիճակում էր հայտնվել, երբ նրա համար ամեն ինչ արվում էր: Ըստ նրա՝ Աբխազիային ոչինչ անել պետք չէր, քանի որ բյուջեի փողերի 80-85 տոկոսը գալիս էին Ռուսաստանից, իսկ մնացած 15 տոկոսն աբխազներն աշխատում էին ռուս զբոսաշրջիկների շնորհիվ:

«Ինչի՞ համար է նրանց պետք երկաթուղին, եթե Ռուսաստանն ամեն ինչի համար վճարում է: Աբխազիայի կառավարության հրաժարականի պատճառներից մեկն էլ Մոսկվայից ելող 4 միլիարդ ռուբլի սուբսիդիայի կրճատումն էր մինչև 1 միլիարդ ռուբլի, ինչին էլ գումարվել է զբոսաշրջային մշուշոտ հեռանկարը»,- ասել է քաղաքագետը:

Նա ընդգծել է, որ եթե նախկինում Ռուսաստանը շահագրգռված էր Աբխազիա զբոսաշրջիկներ ուղարկելու հարցում, ապա հիմա ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին ավելի շատ կուղղորդի Սոչի և Ղրիմ, իսկ թե ինչ կլինի Աբխազիայի հետ, մեծ հարց է:

«Հարկավոր է փող աշխատել, և աբխազները դա հասկացան, և նրանց համար արդեն ձեռնտու չէր նախկին իշխանությունը, որն ապրում էր Ռուսաստանից եկող դոտացիաների հաշվին: Հիմա նրանք ստիպված կլինեն փոխել ներդրումային օրենսդրությունը, որպեսզի հնարավորություն ունենան ավելացնել ներդրումները: Իսկ երբ օտարերկրյա ներդրողների ուշադրության կենտրոնում հայտնվեն, նրանց երկաթուղային ճանապարհ է պետք գալու»,- ասել է Եպիֆանցևը՝ ընդգծելով, որ այդպիսով կարող է Վրաստանի միջոցով դեպի Հայաստան տանող երկաթուղու բացման հարցը վերանայելու անհրաժեշտություն առաջանալ, ինչին պետք է սպասել մոտակա ժամանակահատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում