«Ընտրություններից հետո ռազմական գործողությունները չեն մեղմվելու. ԱՄՆ-ը Թուրքիային հաչեցնելու է Սիրիայի վրա». Հացպանյան

«Ընտրություններից   հետո   ռազմական  գործողությունները   չեն  մեղմվելու. ԱՄՆ-ը  Թուրքիային  հաչեցնելու  է  Սիրիայի վրա». Հացպանյան

Սիրիայի նախագահական ընտրությունների արդյունքները կհրապարակվեն 24 ժամից ոչ շուտ: Հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի պնդմամբ՝ Ասադը վերընտրվելու է, որովհետև մյուս  երկու  թեկնածուները  երևելի դեմքեր չէին և չէին կարող այլընտրանք կամ  մրցակից  լինել  նրան: Իսկ ընտրությունների և Ասադի մասնակցության  մեսիջը հետևյալն  էր՝ թեկուզ ռմբակոծվող երկրում մարդիկ ուզում են կայունություն, ուզում են շարունակվի  քաղաքական և  հասարակական կյանքը:

«Հենց այս «քաղաքացիական» տրամաբանությունից  ելնելով  էլ, որ իրականում ընտրություններ են անցկացվում, մի քանի ժամով  քվեարկության  ընթացքը երկարաձգեցին, քվատուփերն  ավելացրեցին»,-լրագրողների  հետ  հանդիպմանը  նկատեց  Հացպանյանը:

Ըստ նրա՝  Սիրիայում  նախագահական  ընտրությունները բացի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մյուսների  համար  ըստ  էության, ընկալելի են: Մյուս  կողմից՝  անգամ  Ասադի ոչ  կողմնակիցներից  որոշների համար  նա անցումային ժամանակահատվածի, երկրի  կայունությունը  վերականգնելու  թեկնածու  էր:

Կհաջողվի՞ Ասադին ընտրություններից  հետո  մեղմել  ռազմական գործողությունները կամ  որքանո՞վ  է  հնարավոր, որ  հակառակ կողմը  զենքերը  վայր  կդնի, Սարգիս  Հացպանյանի  դիտարկմամբ՝  պատերազմական  գործողությունները և  հայկական թաղամասերի  ռմբակոծումները  կշարունակվեն  և  նույնիսկ  նոր թափ կստանան.

«Թուրքիան ԱՄՆ-ի  շունն  է և  ընտրություններից  հետո  Թուրքիային հաչեցնելու են  Սիրիայի վրա: Երկրորդ՝ օգոստոսին  այս  երկրում սպասվում  են  ընտրություններ և Էրդողանը  թուրը  ձեռքին  և  ձիու վրա  նստած՝  պետք է  դիվիդենտներ  շահի՝ արտաքին  դաշտում  որոշակի վարկանիշ  ապահովելու  համար:

Մյուս կողմից՝ Սիրիայում  հետագա  իրավիճակը  կախված է  ՌԴ-ից  կամ  ուկրաինական զարգացումներից, քանի որ այստեղ  կատարվածը  սիրիական  դեպքերի  շարունակությունն էր  կամ հակառակը: Չմոռանանք, որ Քեսաբի  իրադարձությունները  գործողություններ էին Ղրիմի  անկախացման և  ՌԴ-ին միացման  դեմ»,-մանրամասնեց  Սարգիս  Հացպանյանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի  հայ  համայնքի  ճակատագրին, անելիքներին, ազատամարտիկը նկատեց, որ նրանց գոյությունը փրկելու համար պետք է կազմակերպել նրանց  տեղափոխումը  Հայաստան.

«Ցանկացած հայ  մարդու համար իր տեսակը շարունակելու միակ հանգրվանը Հայաստանն է, որտեղ հայն է իշխանությունը: Հայ համայնքը կրկնակի նվազել է, 100 հազարից այսօր 50-ն է մնացել, վաղը դա էլ կկիսվի, ուստի օր առաջ, ոչ թե օտար երկիր, այլ Հայաստան բերելը  պետք  է  կազմակերպվի»:

Այս  համատեքստում  Հացպանյանը տեղեկացրեց, որ ազգային փոքրամասնություններից  այս  երեք տարվա  ընթացքում հայկական  համայնքն է  ամենաքիչ զոհը տվել՝ մոտ հարյուր հոգի:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում