Էրդողանը նոր արտգործնախարարի թեկնածու ունի

Էրդողանը նոր արտգործնախարարի թեկնածու ունի

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ծրագրում է օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում երկրի նախագահ ընտրվելու դեպքում արտաքին գործերի նախարարի պաշտոնի բերել Ազգային հետախուզական ծառայության (ԱՀԾ) պետ Հաքան Ֆիդանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իշխանությանը մոտ կանգնած թուրքական «Ենի Շաֆագ» թերթը:

Ըստ թերթի’ եթե Հաքան Ֆիդանը դառնա ԱԳՆ ղեկավար, ապա ինքնաբերաբար կզբաղեցնի նաեւ արտաքին հարցերով Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը եւ իրեն կից կպահի նաեւ ԱՀԾ-ն: Թերթը հայտնում է նաեւ, որ Էրդողանի նախատեսած սցենարով, իրենից հետո Թուրքիայի վարչապետի եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդի պաշտոնները պետք է զբաղեցնի գործող արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թերթն իր ենթադրությունները հիմնավորում է այն բանով, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է իր շուրջն ուժեղ եւ խելացի կադրեր հավաքելու մասին, որոնց թվում նա առաջին հերթին մշտապես նշել է այդ երկու պաշտոնյաների անունները:

Թերթը նշում է, որ կասկած անգամ չկա, որ Թուրքիայի հաջորդ նախագահը, ով պետք է առաջին անգամ ընտրվի առաջիկա օգոստոսի 10-ի համաժողովրդական քվերակության արդյունքում, լինելու է Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Թուրքական ԶԼՄ-ները հունիսի 3-ին հայտնել են, թե ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԱԶԿ-ի թեկնածուն լինելու է գործող վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր թեկնածուն վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն է: Գտնում ենք, որ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Էրդողանը մասնակցելու է նաեւ կուսակցության 2015թ-ի խորհրդարանական ընտրություններին: Արդյունքում, փոփոխություն կատարելով երկրի Սահմանադրության մեջ, նախագահի լիազորություններն ավելացվելու են: Այսպիսով, Էրդողանն իր սիրելի ազգին ծառայելու է մինչեւ 2023թ-ն»,- ասել է նա:

Էրդողանի’ Թուրքիայի ապագա նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հետաքրքրիր հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը: «Ակնհայտ է, որ նախագահի’ իշխող կուսակցության թեկնածուն ընտրություններում կստանա ձայների 90 տոկոսից ավելին»,- համոզմունք է հայտնել է Արինչը եւ խորհուրդ տվել առաջատար ընդդիմադիր կուսակցություններին ժամանակ չկորցնել միասնական թեկնածուի որոնումների վրա, այլ քվեարկել իշխող կուսակցության թեկնածուի օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում