Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթել է Բաշար ալ Ասադը

Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթել է Բաշար ալ Ասադը

Սիրիայի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել է, որ Բաշար Հաֆեզ ալ Ասադը հաղթել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների մեծամասնությունը: Բաշար ալ Ասադի օգտին քվեարկել են 10 միլիոն 319 հազար 723 քաղաքացիներ, որը կազմում է ընդհանուր ձայների 88,7 տոկոսը:

Բացի այդ, տեղեկություններ են ստացվել, որ տեղի ունեցած քվեարկության վերջնական արդյունքներով ընտրելու իրավունք ունեցող 15 միլիոն 845 հազար 575 մասնակիցներից ընտրություններին արտասահմանում և երկրի ներսում մասնակցել է 11 միլիոն 634 հազար 412 մարդ, որը կազմում է ընդհանուր թվի 73,42 տոկոսը:

Նախագահի մյուս թեկնածուներից Հասան Աբդ Ալլահ ան Նուրին ստացել է 500 հազար 279 ձայն, որը կազմել է ընդհանուր ձայների 4,3 տոկոսը, իսկ Մահեր Աբդ ալ Հաֆիզը՝ 372 հազար 301 ձայն, այսինքն՝ 3,2 տոկոսը:

Սիրիայում հունիսի 3-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Մրցակցությունը կայացել է նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադի, Հալեպից ընտրված պատգամավոր Մահել Աբդ ալ Հաֆեզի և գործարար Հասսան աբդ ալ Իլլահի ան Նուրիի միջև: Սիրիայում երկրի նախագահը ընտրվել է 7 տարի ժամկետով:

Մինչ ընտրությունների արդյունքների հրապարակումը Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ այն չի կարելի համարել ժողովրդավարական քվեարկություն: ԵՄ հայտարարության մեջ նաև ասվում է, որ քվեարկությանը չի կարողացել մասնակցել այն շրջանների սիրիացիների մեծամասնությունը, որոնք գտնվում են ընդդիմադիրների հսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում