ԼՂՀ նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

ԼՂՀ նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել 2014թ. հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը եւ հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումներին եւ 2013 թվականի և 2014թ. առաջին եռամսյակի ԼՂՀ ժողովրդագրական ցուցանիշներին վերաբերող հարցեր: Համատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ շահագրգիռ մարմիններին’ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով, Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2014թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ:

Կառավարությունը նաեւ հանձնարարական է ստացել շահագրգիռ մարմինների ներգրավմամբ հանգամանորեն ու խորությամբ քննության առնել ժողովրդագրությանը վերաբերող հարցերը, անհրաժեշտության դեպքում լրամշակել ԼՂՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագրի նախագիծը եւ այն ներկայացնել ԼՂՀ Նախագահին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում