Եգիպտոսի ԱԳՆ-ը հանդիմանել է Թուրքիային

Եգիպտոսի ԱԳՆ-ը հանդիմանել է Թուրքիային

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Կահիրեում Թուրքիայի դեսպանատան խորհրդականին կանչել է նախարարություն եւ բողոք հայտնել Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների արած անհարկի հայտարարությունների առնչությամբ: 

Թուրք դիվանագետին արտգործնախարար Նեբիլ Ֆեհմիի հանձնարարությամբ ԱԳՆ է հրավիրել Եգիպտոսի արտգործնախարարության պաշտոնական խոսնակ Բեդիր Աբդուլաթին, ով նրան ասել է, որ Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրությունների’ Թուրքիայի կողմից քննադատություններն ու սխալ մեկնաբանություններն անընդունելի են պաշտոնական Կահիրեի համար:

Բեդիր Աբդուլաթին թուրք գործընկերոջը հայտնել է, որ երկրում անցկացված նախագահական ընտրությունները կայացել են թափանցիկ մթնոլորտում եւ տեղական, տարածաշրջանային ու միջազգային դիտորդների վերահսկողությամբ:

Եգիպտոսի ԱԳՆ խոսնակը թուրք խորհրդականին հիշեցրել է, որ Եգիպտոսը կարող էր քննադատել մարտին Թուրքիայում խոշոր թերություններով եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին կեղծարարություններով անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, սակայն, խուսափել է դա անել:

Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ Եգիպտոսում օրերս անցկացված նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային պահանջներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում