«Փոխզիջումների փնտրտուքն ամենևին էլ Բաքվի հետաքրքրությունների շրջանակներում չէ».Կազիմիրով

«Փոխզիջումների  փնտրտուքն  ամենևին էլ  Բաքվի  հետաքրքրությունների  շրջանակներում չէ».Կազիմիրով

Ղարաբաղյան պատերազմում զինադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի կնքումից անցել է 20 տարի: Այս տարեդարձը մեծ շուքով նշվեց տարբեր երկրներում` անգամ Անգլիայում, որը մասնակցություն չունի խնդրի կարգավորմանը լծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:Այդուհանդերձ, հակամարտության պարտված կողմը՝ Ադրբեջանը, ոչ միայն չի գնահատում այն, որ զինադադարի կնքմամբ ռազմաճակատում հազարավոր ադրբեջանցիներ փրկվեցին վախճանից, այլև հրադադարի ռեժիմի հաստատման 20-րդ ամյակի նախօրեին բացեց նոր` ներքին ճակատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Независимая газета» պարբերականում գրել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Նախկին դիվանագետը նշում է, որ Բաքվի իշխանություններն սկսում են առանձնացնել այն հայտնի մարդկանց, ովքեր 100 տոկոսով չեն համաձայնվում ղարաբաղյան հակամարտության հարցում պետական շրջանակների վարած ուժային քաղաքականության հետ և անգամ փորձում են զբաղվել «ժողովրդական դիվանագիտությամբ»՝ ուղղակի շփումներ հաստատելով հայերի հետ, ում Ադրբեջանի նախագահն արդեն վաղուց դասել է մշտական թշնամիների շարքին:

Նման գործելաոճի շրջանակներում էր, որ սկսեցին հալածվել և դատական գործերի հարուցվեցին Թուրքիայում ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի, իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսին, քաղաքագետ և պատմաբան Արիֆ Յունուսովի դեմ: Ադրբեջանին չկանգնեցրեց անգամ այն, որ մայիսի 14-ին երկիրը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

Կազիմիրովը պաշտոնական Բաքվի նման գործելաոճը համարում է փորձ՝ ճնշելու Հարավային Կովկասում առկա հակամարտությունը կարգավորելու ճանապարհներից մեկը՝ «ժողովրդական դիվանագիտությունը»:

«Հակամարտությունում կողմերի դիրքորոշման մեղմումը, փոխզիջումների փնտրտուքը ոչ պաշտոնական շփման ճանապարհով ամենևին էլ Բաքվի հետաքրքրությունների շրջանակներում չէ: Հակառակը, իր քաղաքականությամբ, որը որակվում է որպես «կացնային» և ոչ միայն Սաֆարովի «սխրագործության» համար, այն ձգտում է արմատախիլ անել բոլոր այդ շփումները:

Միայն խոսքերով են Բաքվի առաջնորդները պայքարում հակամարտությունում փոփոխությունների, ստատուս-քվոյի վերացման համար, իսկ իրականում ավելի են հիմնախնդիրն արմատականացնում»,- նշել է Կազմիրովը:

Խոսելով Ադրբեջանում իրականացվող անհիմն ձերբակալությունների և իրավախախտումների մասին՝ Մինսկի խմբի նախկին համանապագահը եզարահանգման է գալիս, որ արդեն ժամանակն է, որպեսզի քանի դեռ շատ ուշ չէ, Ստրասբուրգում բարձրացվի մարդու իրավունքների ոտնահարումների հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում