Թբիլիսիի նորընտիր Քաղաքային խորհրդում չի լինի ոչ մի հայ

Թբիլիսիի նորընտիր Քաղաքային խորհրդում չի լինի ոչ մի հայ

Թբիլիսիում 10 օրից կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, մինչդեռ արդեն իսկ պարզ է, որ ինչպես Վրաստանի անկախության օրից ի վեր 23 տարվա ընթացքում, Թբիլիսիի նորընտիր Քաղաքային խորհրդում, չի լինի հայկական ազգանունով ոչ մի պատգամավոր: «Վրաստանի հայ համայնք»-ից հայտնում են, որ 21 քաղաքական սուբյեկտի կուսակցական ցուցակների հետ ծանոթանալուց հետո պարզվում է, որ ոչ «Վրացական երազանքը» (100 մարդուց բաղկացած ցուցակ է ներկայացրել), ոչ «Ազգային շարժումը» (50 անձից բաղկացած ցուցակ) հարկ չեն համարել իրենց ցուցակներում ընդգրկել ազգությամբ հայ թեկնածուների: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին և քաղաքական միավորումներին, որոնք հայտարարել են Թբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իրենց մասնակցության մասին, ապա, ընդհանուր առմամբ, նրանց ցուցակներում ներկայացված է հայկական ազգանվամբ 7 մարդ: Մինչդեռ բոլոր 7 թեկնածուներն էլ ցուցակներում զբաղեցնում են բացահայտ անանցանելի տեղեր, և, համապատասխանաբար, նրանց առկայությունը կուսակցական ցուցակներում ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի, քան թե այդ կոնկրետ կուսակցությունների ու միավորումների կողմից Քաղաքային խորհրդում հայկական ազգանունով պատգամավոր մտցնելու ցանկություն: Մինչդեռ, բնակչության մարդահամարի տվյալներով’ Թբիլիսիի հայերը կազմում են քաղաքի ընդհանուր բնակչության քանակի 7.4 տոկոսը:

«Այն փաստը, որ Թբիլիսիի Քաղաքային խորհրդում ներկայացված չէ ոչ մի հայկական ազգանվամբ պատգամավոր, ունի նաև դրական կողմ: Այդ իրականությունը ցույց է տալիս, որ ոչ մի խոշոր քաղաքական կուսակցություն չի կարողացել քաղաքի հայության մեջ գտնել որևէ թեկնածուի, որը, մի կողմից, քիչ թե շատ ընդունված կլիներ թբիլիսահայության մեջ, մյուս կողմից, անբեկանելիորեն կկատարեր իշխանությունների հրահանգներն ու թելադրանքները: Օրինակի համար’ կարելի է հիշել այն, թե ինչպես է համալրված Վրաստանի օրենսդրական մարմինը: Հայկական և ադրբեջանական ազգանվամբ պատգամավորներ ը ավանդաբար ներկայացված են, ավելի ճիշտ’ ցուցադրված են երկրի խորհրդարանում, մինչդեռ այդ պատգամավորներից ոչ մեկը լիազորված չէ ներկայացնելու ո´չ հայերի, ո´չ ադրբեջանցիների շահերը: Ավելին, ցավոք, այդ պատգամավորներից որևէ մեկը նույնիսկ շահագրգռված չէ ներկայացնելու և պաշտպանելու այն քաղաքացիների շահերը, որի ազգանունը իրենք կրում են: Այդպիսով, ըստ էության, Թբիլիսիի քաղաքային խորհրդում խորհրդանշական հայ ներկայացուցիչների բացակայությունը, իհարկե, ավելի շատ դրական, քան բացասական փաստ է»,- նշում է համայնքի հաղորդագրությունում:

Նշվում է, որ քաղաքի բնակչության 7.4 տոկոսը տեղական ինքնակառավարման մարմիններում չունի որևէ իրական ներկայացուցիչ, և համապատասխանաբար, երբ այդ 7,4 տոկոսի շահերը ամբողջությամբ ոտնահարվում են, առաջացնում է իրական խնդիր: Տվյալ իրավիճակը մատնանշում է Վրաստանի քաղաքական համակարգում առկա իրական խտրականությունը և, համապատասխանաբար, պահանջում է արդար լուծում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում