Թուրքիայում դատում են Femen-ի ակտվիստներին

Թուրքիայում դատում են Femen-ի ակտվիստներին

Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրն Ստամբուլում սկանդալային ակցիա իրականացրած Femen շարժման երկու ակտվիստներ կարող են մեկից երեք տարի ազատազրկման ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, այսպիսի պատժաչափ է առաջարկել թուրքական դատախազությունը, որը գտնում է , որ կասկածյալ կանայք մեղավոր են հրապարակայնորեն վիրավորելու գործողություններ թույլ տալու եւ ընտրությունների մասին օրենքի իրագործմանը խոչընդոտելու մեջ:

Մեղադրյալի աթոռին հայտնվել են 24 եւ 26-ամյա երկու ֆրանսուհիներ’ Սոլվեն Աննի Ասուանը եւ Էլվիր Դյուվել Շառլը: Նրանք սկանդալային հայտնի Femen շարժման ակտվիստներ են, ովքեր պայքարում են քաղաքացիական իրավուքնների համար’ տարբեր երկրներում բողոքի նստացույցեր կազմակերպելով:

Ձեւանալով որպես ընտրողներ’ նրանք մարտի 30-ին եկել են Ստամբուլի Ուսքյուդար շրջանի դպրոցում տեղակայված ընտրատեղամաս: Ակտիվիստներն ընտրել են այդ դպրոցը, որովհետեւ նախկին տարիներին այդտեղ քվեարկել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Նրանք մոտեցել են սեղաններին, որտեղ նստած են եղել ընտրական հանձնաժողովի անդամները, հանկարծակի թռել սեղանների վրա եւ իրենց վրայից հանել վերնազգեստը: Ֆրանսուհիները հափշտակել են չլրացված քվեաթերիկները եւ շաղ տվել սրահում: Ակտվիստների կրծքին սեւ գույնով գրված է եղել’ «Արգելել Էրդողանին»: Ակցիան տեսել է ընդամենը մի քանի րոպե: Ուշքի գալով ցնցումից’ ընտրական հանձնաժողովի անդամները ոստիկանություն են կանչել, որի աշխատակիցները Սոլվեն Աննի Ասուանին եւ Էլվիր Դյուվել Շառլին տարել են ոստիկանական բաժանմունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում