«Արցախին վերադարձնել բանակցային սեղան, Անկարայի հետ հարաբերվել հստակ պահանջներով». Վազգեն Սիսլյան

«Արցախին  վերադարձնել  բանակցային  սեղան,  Անկարայի  հետ  հարաբերվել  հստակ պահանջներով». Վազգեն  Սիսլյան

ՍԴՀԿ քաղաքային վարչության անդամ, ազատամարտիկ Վազգեն Սիսլյանի դիտարկմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նման է վախվորած կամ նոր ձևավորվող երեխայի, որը չի  հասկանում իրեն շրջապատող աշխարհը և ամեն քայլ անելուց մտածում է, թե ինչպես արդարանա:

Ըստ Սիսլյանի՝ ՀՀ արտաքին գերատեսչության արձագանքը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի  ազատագրված  տարածքների վերադարձման  հայտարարությանը  և ՀՀ-ում ՌԴ դեսպանի  հասարակական կազմակերպությունները փակելու անուղղակի կոչին, անհամաչափ  ու  անհասկանալի էր:

Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկ, «Վան» գործողության ղեկավարը պնդում է՝ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարությունը  պետության  շահերից  բխող  հստակ  դիրքորոշում  հայտնի և համապատասխան  դերակատարում ստանձնի միջազգային հարթակում.

«Նախ՝ Արցախը պետք  է վերադարձվի  բանակցային սեղանին: Եթե Կոսովոյի ալբանացին կարող է անկախության ձգտել, ապա արցախցին  պատերազմի դաշտում իրացրել  է անկախ ապրելու իրավունքը: Եթե դա չի ընդունվելու, ուրեմն՝ պետք է դադարեցնել  բանակցությունները»,-ՍԴՀԿ հավաքին շեշտեց նա:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Սիսլյանը կոչ արեց որդեգրել պահանջատիրական քաղաքականություն: Այն  է՝ Թուրքիային ստիպել  ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թիրախ  դարձնելով  թուրքական հակահայ քաղաքականությունը և  ոչ թե  թուրք ժողովրդին: Երկրորդ՝  խորհրդարանական  օրակարգից  հետ կանչել  հայ-թուրքական արձանագրությունները  և  Անկարայի հետ հարաբերվել հստակ պահանջներ առաջ քաշելով.

«Մեր անցած 127 տարվա պատմության ընթացքում բավական խոհեմություն ենք ձեռք բերել՝ հասկանալու, որ  Հայաստանի շահերը պետք է  կապել ոչ թե այլ երկրների, այլ՝ միայն ու միայն մեզ  հետ: Ըստ այդմ՝  կոչ եմ անում  բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել Մայր կուսակցության առաջ  քաշած գաղափարների շուրջ: Մենք ներսում թշնամիներ չունենք, մեր թշնամին սահմանից այն կողմ է: Ժամանակ չվատնենք քաղաքական խարդավանքների վրա»,-հայտարարեց ՍԴՀԿ քաղաքային վարչության անդամը:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում