Թուրքիայում ձիթապտղի յուղի արտադրության հայերի տեխնոլոգիան վերագրել են քրդերին

Թուրքիայում ձիթապտղի յուղի արտադրության հայերի տեխնոլոգիան վերագրել են քրդերին

Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ տարածաշրջանում քրդերեն լոգոյով «Խըլխալի» կոչված ձիթապտղի ձեթ է  հայտնվել խանութներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը`վկայակոչելով Al Jazeera-ն, ձիթապտղի ձեթը արտադրում եւ վաճառքի է հանել մարդինցի թոշակառու բանկային ծառայող Հասան Թահսին Գյուջյումը: Նա ասել է, որ յուղը պատրաստվում է Մարդին նահանգի Դերիք քաղաքի մոտակա անտառներում աճող վայրի ձիթապտղից, որի պատրաստման տեխնոլոգիան պատկանում է մինչեւ Հայոց ցեղասպանությունն այդտեղ բնակված հայերին:

Նրա խոսքով, հայերի հեռանալուց հետո, շրջանում դադարել էր ձիթապտղի յուրատեսակ յուղի զանգվածային արտադրությունը` չնայած, դեռեւս 50 տարի առաջ Դերիքում դեռ շարունակում էին գործել մի քանի մանր ձեռնարկություններ, որոնք եւս դադարեցրին իրենց աշխատանքը: Գյուջյումն ասել է, որ յուղի պատրաստման տեխնոլոգիան ինքը պատենտավորել է քրդականի անվան տակ եւ ստացել «Խըլխալի» քրդերեն լոգո: Գյուջյումը միակն է տարածաշրջանում, որ Դիարբեքիրում (պատմական Տիգրանակերտ) այդ յուղի վաճառքի փոքրիկ խանութ է բացել:

«Յուղը պատենտավորելու համար ստիպված թուրքերեն բառ էլ ավելացրեցի`զեյթինյաղը (ձիթապտղի ձեթ): Պատենտավորեցին «Խըլխալի զեյթինյաղը» անվան տակ: Խըլխալի քրդերեն նշանակում է վայրի: Վստահ եմ, որ ձեթի այդ տեսակը մեծ ճանաչում և պահանջարկ ձեռք կբերի, քանի որ այն արտադրվում է հատուկ տեխնոլոգիայով, որի ժամանակ պահպանվում են ձիթապտղի բոլոր առողջարար հատկությունները», -ասել է Գյուջյումը:

Նա հավելել է, որ որոշել է ձիթապտղի յուղից նաև օճառ պատրաստել, ինչպես դա նախկինում արել են այդտեղ բնակվող հայերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում