Իրաքցի ահաբեկիչները Թուրքիայի թշնամին չեն. Դավութօղլու

Իրաքցի ահաբեկիչները Թուրքիայի թշնամին չեն. Դավութօղլու

Իրաքում թուրք վարորդներին եւ դիվանագետներին գերի վերցրած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ Թուրքիայի ունեցած կապերը հաստատող եւս մեկ սկանդալ է ի հայտ եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Այդընլըք» թերթի թղթակից Սաբահաթթին Օնքիբարը հայտնել է, որ Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը քաղաքը ԻԼԻՊ-ի կողմից հնարավո ր զավթման մասին զեկուցել է Անկարային, իսկ Անկարան պատասխանել է, որ «ԻԼԻՊ-ը թշնամի չէ Թուրքիային, ձեզ վնաս չի պատճառի: Հյուպատոսությունը չլքեք»:

Օնքիբարը իրադարձության մանրամասները ներկայացրել է հետեւյալ կերպ: Թուրքական հյուպատոսությունը իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Անկարա. «Իրաքի եւ Լեւնատի իսլամական պետություն» կազմակերպությունը մոտենում է Մոսուլին: Հազարավոր, տասնյակ հազարավոր եւ նույնիսկ հարյուր հազարավոր բնակիչներ լքում են քաղաքը»:

Թուրքիայի վարչապետը, արտգործնախարարը եւ Ազգային հետախուզական ծառայությունը գնահատում են իրավիճակը: Հետո թուրքական ԱԳՆ-ը հետեւյալ ուղերձն է հղում Մոսուլ. «ԻԼԻՊ-ը թշնամի չէ Թուրքիային, ձեզ վնաս չի հասցնելու: Հյուպատոսությունը մի լքեք»:

Թերթն ընթերցողների ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ իշխանություններն այդ գործընթացում սերտ շփումների մեջ են գտնվել Թուրքիայում ապաստանած Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Ալ Հաշիմիի հետ, ով Իրաքում մահապատժի էր դատապարտվել միջէթնիկական եւ կրոնական բախումներ հրահրելու մեղադրանքով: «Այո, թուրքական հյուպատոսության աշխատակիցների հետ այն պահպանող 30 ոստիկաններին պատանդ առնելու միջադեպը տեղի է ունեցել Անկարայի այս հրամանի պատճառով», -գրում է թուրքական թերթը: Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ Մոսուլում թուրքական հյուպատոսությունը գրաված եւ 49 թուրքերին պատանդ վերցրած ԻԼԻՊ-ի մարտիկները հյուպատոսությունը վերածել են իրենց զորանոցի եւ շենքի վրայից հանել թուրքական դրոշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում