Հիլարի Քլինթոնի հուշերը. Ես անձամբ էի փորձում Նալբանդյանին դուրս հանել Ցյուրիխի հյուրանոցից

Հիլարի Քլինթոնի հուշերը. Ես անձամբ էի փորձում Նալբանդյանին դուրս հանել Ցյուրիխի հյուրանոցից

Ամերիկայի Միացալ Նահանգների նախկին առաջին տիկին, այդ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրապարակել է իր հուշերը’ «Դժվար ընտրություն» վերնագրված գրքում: Այստեղ նա պատմում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերի մասին: Գրքի այդ հատվածում Քլինթոնը հիշում է, թե ինչպես է անձամբ ինքը համոզել ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին գնալ ու մասնակցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Գրքի այդ հատվածը ներկայացնում ենք թարգմանաբար:

«Հոկտեմբերի 9-ին ես մեկնեցի Ցյուրիխ, որպեսզի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵՄ Գերագույն ներկայացուցիչի հետ մեկտեղ ներկա գտնվեմ համաձայնագրի ստորագրմանը: Հաջորդ օրը ես դուրս եկա հյուրանոցից և գնացի արարողությանը’ Ցյուրիխի համալսարան: Սակայն այնտեղ ես պարզեցի, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չի. Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը «պոզերը տնկել է»: Նա ծայրաստիճան մտահոգված էր այն բանով, թե ինչ էր նախատեսում ասել Դավութօղլուն ստորագրման ժամանակ, և կտրականապես մերժեց դուրս գալ հյուրանոցից: Երկարատև աշխատանքի եւ մանրամասն բանակցությունների արդյունքը վտանգված էր: Իմ շքախումբը շրջվեց ու հետ սլացավ դեպի “Dolder Grand Hotel” ցյուրիխյան հյուրանոց: Քանի դեռ ես սպասում էի մեքենայի մեջ, Ֆիլ Գորդոնը (Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով Հիլարի Քլինթոնի խորհրդական Ֆիլիպ Գորդոնը) լավագույն շվեյցարացի բանակցողների հետ վերեւ բարձրացավ, որպեսզի գտնի Նալբանդյանին եւ համոզի նրան գնալու ստորագրման արարողությանը: Սակայն Նալբանդյանն անդրդվելի էր: Ֆիլն իջավ ներքեւ եւ հաղորդեց, որ իր ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Նա նստեց իմ մեքենան, որը կայանված էր հյուրանոցի հետեւում: Ես վերցրի հեռախոսը: Մի գծում Նալբանդյանն էր, մյուսում’ Դավութօղլուն: Մենք մեկ ժամ քննարկում էինք, փորձում էինք հաղթահարել տարակարծություններն ու համոզել Նալբանդյանին’ դուրս գալու սենյակից», հիշում է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:

«Դա չափազանց կարեւոր է, դա տեսնել է պետք, մենք չափազանց հեռու ենք գնացել»,-շարունակում է Քլինթոնը: «Ի վերջո ես վերեւ բարձրացա, որպեսզի Նալբանդյանի հետ անձամբ խոսեմ: Ես առաջարկեցի պարզապես չեղյալ հայտարարել ելույթները եւ ուղղակի ստորագրել փաստաթղթերը: «Ստորագրե´ք փաստաթղթերը, որեւէ հայտարարություն մի´ արեք»,-ասացի ես: Նալբանդյանը վերջապես հանձնվեց, եւ կողմերը փոխզիջումային համաձայնության եկան:

Մենք ներքեւ իջանք, եւ նա դեպի համալսարանի շենք ուղեւորվեց իմ սեդանով: Եւս մեկուկես ժամ գնաց համոզելու եւ փաստացի կերպով ձեռքերը ոլորելու վրա, որպեսզի բառացիորեն ստիպենք նրանց բեմ դուրս գալ: Երեք ժամվա ուշացումից հետո, մենք այնուամենայնիվ, այնտեղ էինք:

Ստորագրման արարողությունն անցավ «վալսի ռիթմով», որից հետո բոլորն արագորեն հեռացան’ թեթեւության մեծ զգացողությամբ: Այսօր կողմերից ոչ մեկն այդպես էլ չի վավերացրել արձանագրությունները, իսկ գործընթացը փակուղու մեջ է: Սակայն Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հանդիպեցին 2013 թ. դեկտեմբերին կոնֆերանսի ժամանակ եւ երկու ժամվա ընթացքում քննարկում էին հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարները: Ես շարունակում եմ հուսալ, որ բեկումը հնարավոր է», գրում է Քլինթոնն իր «Դժվար ընտրություն» գրքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում