«Պետք չէ քաղցկեղով հիվանդի օրգանիզմը փորփրել, եթե հիվանդության դեմ դեռ դեղամիջոց չկա».Վլադիմիր Մամոնտովը ԼՂՀ խնդրի մասին

«Պետք չէ  քաղցկեղով հիվանդի օրգանիզմը փորփրել, եթե հիվանդության դեմ դեռ դեղամիջոց չկա».Վլադիմիր Մամոնտովը ԼՂՀ խնդրի մասին

«Չպետք է անել այն, ինչ կարելի է չանել»,-օրեր առաջ Ծաղկաձորում «Երիտասարդ Եվրասիա» երիտասարդական համաժողովի շրջանակում քննարկումներից մեկի ժամանակ նման կարծիք հայտնեց «Խելամիտ ինտերնետ» հիմնադրամի տնօրեն, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովն`անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին և առհասարակ, համաշխարհային քաղաքական կանոններին:

«Օրինակ`Խրուշչովը կարող էր Ղրիմը չնվիրել Ուկրաինային`իր մեղքերի դիմաց: Բայց մենք  չէինք կարող Ղրիմը չվերցնել, այդ ամենը մեր կոկորդին էր հասել: Հետո այստեղ մոտ 2 միլիոն մեր հայրենակիցների անվտանգության հարցը կար, սևծովյան նավատորմի…»,-շարունակեց Մամոնտովը` նկատելով, թե նրանք, ովքեր ասում են`գնանք ու մորթենք, առաջինը հենց իրենք են փախնում  կամ թեժ պահին տանը նստած «նկարում»:

Պատեհ առիթն օգտագործելով ներկա հայ մասնակիցներս փորձեցինք պարզել   «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր տնօրենի կարծիքը Արցախի խնդրի հետ կապված`միթե մեր կոկորդին չէր հասել: Մամոնտովը, սակայն, համառորեն դիվանագետին հատուկ ոճով հարցը շրջանցում էր`թեման տեղափոխելով ուկրաինական զարգացումների հարթություն, նաև ակնարկում,թե չի կարելի մի բանի մասին խոսել, որին մոտիկից ծանոթ չես կամ տվյալ վայրում չես եղել ու ապրել:

Մենք,իհարկե, ոչ պակաս համառ գտնվեցինք և հարցը կրկնեցինք, ինչին ի պատասխան Մամոնտովը հասկացրեց, թե միամտություն է աշխարհից որևէ լուծում սպասելը, եթե դա իրենց շահերից չի բխում, այլ կերպ` հույսներս մեր վրա պիտի դնենք: Ավելին, նա նկատեց, թե պետք է զգուշանալ կոնկրետ առաջարկներից.

«Պետք չէ  քաղցկեղով հիվանդի օրգանիզմը փորփրել, եթե հիվանդության դեմ դեռ դեղամիջոց չկա: Պետք է թողնել այնպես ինչպես կա:Մեր «հիվանդն» ամուր է, կդիմանա»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում