«Ուորլիքն իր ձևով վերաշարադրել է Մադրիդյան սկզբունքները».Կազիմիրով

«Ուորլիքն իր  ձևով  վերաշարադրել է  Մադրիդյան սկզբունքները».Կազիմիրով

«Ես կարդացել եմ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը և որևէ նոր էլեմենտ այստեղ չեմ տեսել: Ուորլիքն իր ձևով  վերաշարադրել, վերառաջարկել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն՝ անդրադառնալով  խմբի ԱՄՆ գործող  համանախագահի մոտ ամիս առաջ արված առաջարկներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն առաջադրել էր հետևյալ սկզբունքները՝

1. Արցախին տալ միջանկյալ կարգավիճակ, իսկ ավելի ուշ պարտադիր անցկացնել հանրաքվե:

2. Ինքնակառավարման համար ստեղծել անվտանգության պայմաններ:

3. Ազատագրված յոթ շրջանները վերադարձնել Ադրբեջանին:

4. Միջանցք ստեղծել, որը կկապի Արցախը Հայաստանի Հանրապետության հետ՝ ապահովելով անվտանգ անցում, բայց որը չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

5. Ներքին տեղահանվածներին վերադառնալու  հնարավորություն տալ  իրենց նախկին բնակավայրեր:

6. Խաղաղապահ զորքեր տեղակայել հակամարտության գոտում:

Ի դեպ, Վլադիմիր Կազիմիրովը խոսելով խաղաղապահների տեղակայման հնարավորությունից, շեշտեց, որ այս հարցի հետ կապված հստակ և կոնկրետ որոշում չկա, համենայնդեպս, ինքը նման փաստերի չի տիրապետում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում